ԶԱՔԱՐԻԱ. Chapter 1

1 Դարեհ արքայի երկրորդ տարուայ ութերորդ ամսին Տիրոջ խօսքը հասաւ Ադդովի որդի Բարաքէի որդուն՝ Զաքարիա մարգարէին եւ ասաց.
2 Տէրը մեծ ցասումով բարկացաւ ձեր հայրերի վրայ։
3 Դու կ՚ասես նրանց. այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Դարձէ՛ք դէպի ինձ, - ասում է Զօրութիւնների Տէրը, - եւ ես պիտի դառնամ դէպի ձեզ, - ասում է Զօրութիւնների Տէրը։
4 Մի՛ եղէք ձեր հայրերի նման, որոնց պախարակում էին առաջին մարգարէները՝ ասելով, թէ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Ե՛տ դարձէք ձեր բոլոր չար ճանապարհներից եւ ձեր չար ընթացքից։ Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին՝ լսելու ինձ, - ասում է Տէրը։
5 Ո՞ւր են ձեր հայրերը, մարգարէները, միթէ յաւիտեա՞ն ապրեցին։
6 Բայց իմ խօսքն ու իմ օրէնքը ընդունեցէ՛ք, որ ես իմ հոգով պատուիրում եմ իմ ծառաներին, որ այցելեցին ձեր հայրերին։ Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. Ինչպէս որ Ամենակալ Տէրը կարգադրեց անել ըստ մեր ճանապարհների եւ ըստ մեր ընթացքի, նոյնպէս արեց եւ մեզ։
7 Տասնմէկերորդ ամսի, որ նոյն ինքը Արաց ամիսն է, քսան եւ չորսին, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ ձայնը հասաւ Ադդովի որդի Բարաքէի որդի Զաքարիա մարգարէին եւ ասաց.
8 Գիշերը ես մի տեսիլք ունեցայ. ահա մի մարդ, որ աշխէտ ձի էր հեծած, կանգնած էր երկու անտառախիտ լեռների միջեւ, իսկ նրա յետեւում կային աշխէտ ձիեր՝ պուտաւոր եւ սպիտակ։
9 Ես ասացի. Ի՞նչ են դրանք Տէ՛ր։ Եւ Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, ասաց. Ես քեզ ցոյց կը տամ, թէ ինչ են դրանք։
10 Պատասխանեց այն մարդը, որ կանգնած էր լեռների միջեւ, եւ ասաց ինձ. Դրանք այն են, որոնց Տէրն ուղարկեց՝ շրջելու երկրում։
11 Սրանք պատասխան տուեցին Տիրոջ Հրեշտակին, որ կանգնած էր լեռների միջեւ, եւ ասացին. Շրջեցինք ամբողջ երկիրը, եւ ահա երկիրն ամբողջ բնակեցուած է եւ հանդարտ։
12 Պատասխանեց Հրեշտակը եւ ասաց. Տէ՛ր Ամենակալ, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, որոնց այս եօթանասուն տարի է, ինչ անտես ես արել։
13 Ամենակալ Տէրը պատասխանեց Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ասում բարութեան եւ մխիթարութեան խօսքեր։
14 Եւ Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, ասաց. Աղաղակի՛ր եւ ասա՛. այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղէմի եւ առաւել եւս Սիոնի համար,
15 եւ սաստիկ բարկացած եմ այն ազգերի դէմ, որոնք միասին յարձակուեցին նրանց վրայ։ Այն բանի փոխարէն, որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց դէմ,նրանք միասին յարձակուեցին չարիքներ գործելու համար։
16 Դրա համար այսպէս է ասում Տէրը. Գթութեամբ կը դառնամ դէպի Երուսաղէմ, եւ իմ տունը վերստին կը շինուի, - ասում է Ամենակալ Տէրը - վերստին սահման կը գծուի Երուսաղէմի շուրջ։
17 Եւ Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, ասաց. Աղաղակի՛ր եւ ասա՛. այսպէս է ասում Տէրը. Դարձեալ քաղաքները կը լցուեն բարութեամբ, Տէրը կ՚ողորմի Սիոնին եւ նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ։
18 Ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ.
19 ահա չորս եղջիւրներ. եւ ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. Ի՞նչ են դրանք, Տէ՛ր։ Ասաց ինձ. Դրանք այն եղջիւրներն են, որ ցիրուցան արին Յուդայի երկիրը եւ Իսրայէլը։
20 Եւ Տէրը ցոյց տուեց ինձ չորս հիւսներ. ես ասացի. Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս։ Ասաց ինձ. Դրանք այն եղջիւրներն են, որոնք ցիրուցան արին Յուդայի երկիրը եւ խորտակեցին Իսրայէլը. եւ նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Իսկ սրանք եկել են սրելու իրար դէմ այդ չորս եղջիւրները՝ այն ազգերը, որոնք եղջիւր բարձրացրին Տիրոջ երկրի վրայ եւ ցիրուցան արին այն։