2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ. Chapter 1

1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։
2 Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
3 Եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, ինչպէս որ արժանի իսկ է, քանի որ աւելի ու աւելի է աճում ձեր հաւատը, եւ շատանում է ձեզնից իւրաքանչիւրի սէրը միմեանց հանդէպ,
4 այնպէս որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծու եկեղեցիներում ձեր համբերութեան եւ հաւատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղութիւնների մէջ, որոնց դուք համբերում էք։
5 Դրանք ապացոյց են Աստծու արդար դատաստանի, որպէսզի դուք արժանի լինէք Աստծու արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք կրում։
6 Եւ արդար է Աստծու առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի,
7 իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝
8 կրակի բոցով վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին.
9 նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից,
10 երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հաւատացեալների մէջ (քանի որ մեր վկայութեանը հաւատացիք)։
11 Ահա թէ ինչու միշտ աղօթում ենք ձեզ համար, որպէսզի Աստուած ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչեւ լրացնի ձեր բոլոր փափագները եւ հաւատի գործերը՝ զօրութեամբ,
12 որպէսզի փառաւորուի մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը ձեր մէջ, եւ դուք փառաւորուէք նրա մէջ՝ մեր Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։