2 ՊԵՏՐՈՍ. Chapter 2

1 Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու։
2 Եւ շատեր պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի։
3 Եւ ընչաքաղցութեամբ, մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ։
4 Քանզի Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը, որպէսզի նրանք պահուեն դատաստանի օրուայ համար։
5 Նա չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին։
6 Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։
7 Եւ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից
8 (որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին)։
9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց,
10 մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծու իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց,
11 այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ։
12 Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝
13 որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով։
14 Աչքեր ունեն պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ։
15 Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին, ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրաւութեան վարձը սիրեց։
16 Եւ այդ այն Բաղաամի, որ իր անօրէնութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը մարդկային լեզուով խօսելով՝ արգելք եղաւ մարգարէին, որ չկատարի այդ անօրէնութիւնը։
17 Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահուած.
18 քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից։
19 Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է.
20 որովհետեւ, եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն մնան, նրանց վախճանը կը լինի աւելի վատ, քան առաջին վիճակը.
21 քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնա՛ւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց։
22 Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ Շունը վերստին է դառնում իր փսխածին եւ թէ՝ Լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ։