ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 22

1 Յոսիան ութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեսունմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յեդիդա էր, նա բասուրոթացի Յեդիդայի դուստրն էր։
2 Նա հաւատարիմ գտնուեց Տիրոջ առջեւ, գնաց իր նախնի Դաւթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորուեց։
3 Յուդայի երկրի արքայ Յոսիայի թագաւորութեան տասնութերորդ տարուայ եօթներորդ ամսում արքան Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով՝ ասաց.
4 Գնա՛ Քեղկիա քահանայապետի մօտ եւ նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հաւաքած եւ Տիրոջ տունը բերուած արծաթը հաշուի
5 ու յանձնի Տիրոջ տան գործի վրայ նշանակուած գործաւորներին՝ Տիրոջ տան վերակացուներին։
6 Սրանք Տիրոջ տան քայքայուած մասերը վերականգնելու համար վճարեցին Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին՝ հիւսներին, շինարարներին, ճարտար որմնադիրներին, որպէսզի Տիրոջ տան փլուած մասերը նորոգելու համար ատաղձ ու տաշած քարեր գնեն։
7 Նրանց տրուած արծաթի հաշիւը չէին պահանջում, որովհետեւ նրանք ազնուօրէն էին աշխատում։
8 Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. Տիրոջ տանը օրէնքի գիրք եմ գտել։ Քեղկիան գիրքը տուեց Սափանին,
9 եւ սա ընթերցեց այն։ Նա արքային լուր տարաւ՝ ասելով. Քո ծառաները Տիրոջ տանը եղած արծաթը հաւաքեցին եւ Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին յանձնեցին։
10 Սափան քարտուղարը խօսեց արքայի հետ՝ ասելով. Քեղկիա քահանան ինձ մի մատեան է տուել։ Սափանն այն ընթերցեց արքայի առջեւ։
11 Երբ արքան լսեց օրէնքի գրքի խօսքերը, իր զգեստները պատառոտեց։
12 Պատուէր տուեց արքան Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքէի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին եւ արքայի ծառայ Յասայիային, թէ՝
13 Գնացէ՛ք եւ ինձ համար, ամբողջ ժողովրդի համար եւ Յուդայի ամբողջ երկրի համար հարցրէ՛ք Տիրոջը այս գտնուած գրքի խօսքերի մասին, որովհետեւ մեզ վրայ Տիրոջ մեծ բարկութիւնն է բորբոքուել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խօսքերին չեն հնազանդուել, չեն գործադրել այդտեղ գրուած բոլոր պատգամները։
14 Եւ Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը եւ Յասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարէի մօտ։ Նա Երուսաղէմում՝ Մասենայում էր բնակւում։ Նրանք խօսեցին նրա հետ։
15 Օղդան ասաց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ասացէ՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մօտ.
16 այսպէս է ասում Տէրը. ՚ Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի եւ բնակիչների վրայ, ինչպէս գրուած է Յուդայի երկրի արքայի կարդացած մատեանում։
17 Այս ամէնը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստուածներին, որպէսզի իրենց ձեռնարկած բոլոր գործերով ինձ բարկացնեն, եւ բորբոքուի իմ բարկութիւնը այդ տեղի վրայ եւ չմեղմանայ։
18 Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Յուդայի երկրի արքային ա՛յս ասացէք. ՚ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը.
19 ՛՛Քո լսած խօսքերի իմաստը այս է. քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնուեցիր Տիրոջ առջեւ, երբ լսեցիր, թէ ինչ է ասուել Երուսաղէմի եւ նրա բնակիչների մասին, թէ լինելու է աւերածութիւն ու անէծք, եւ պատառոտեցիր քո զգեստները, լաց եղար իմ առջեւ, իսկ ես լսեցի այդ, ուստի Տէրն ասում է.
20 ՚ Դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը, դու թաղուելու ես քո տեղում՝ Երուսաղէմում, եւ քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղէմի վրայ՛՛։