ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 21

1 Մանասէն տասներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսունինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Եփսիբա էր։
2 Նա չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, հետեւեց այն ազգերի գարշութեանը, որոնց Տէրը վռնդել էր իսրայէլացիների առջեւից։
3 Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած բարձունքների մեհեանները, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, Աստարոթի կուռքեր կառուցեց, ինչպէս արել էր Իսրայէլի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու պաշտեց դրանք։
4 Նա Տիրոջ տանը զոհասեղան դրեց, թէեւ Տէրն ասել էր. Երուսաղէմում եմ դնելու իմ աթոռը։
5 Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զօրութիւնների համար զոհասեղաններ պատրաստեց,
6 իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայութիւն արեց, թռչուններին նայելով գուշակութիւններ արեց, վհուկներ ու նշանագէտներ պահեց։ Տիրոջ առջեւ շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց նրան։
7 Նա Աստարոթի կուռքերի արձաններ տեղադրեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին, թէ՝ Իմ անունը յաւիտեան դնելու եմ այս տան մէջ, Իսրայէլի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղէմի մէջ,
8 Իսրայէլի ոտքը դուրս պիտի չգայ այս երկրից, որը նրա հայրերին եմ տուել, միայն թէ նրանք իմ բոլոր պատուիրաններն ու իմ ծառայ Մովսէսի պատուիրած բոլոր օրէնքներն զգուշութեամբ կատարեն։ Սակայն նրանք չլսեցին.
9 Մանասէն մոլորեցրեց նրանց, եւ նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ աւելի քան այն ազգերը, որոնց հալածել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։
10 Տէրը խօսելով իր ծառայ մարգարէների միջոցով՝ ասաց.
11 Քանի որ Յուդայի երկրի արքայ Մանասէն այս գարշութիւններն արեց իմ առջեւ, առաւել չարիք գործեց, քան իրենից առաջ եղած ամորհացիներն էին արել իմ առջեւ, իր կուռքերով Յուդայի երկրին մեղանչել տուեց,
12 ապա այդ պատճառով այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ, որ ամէն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։
13 Երուսաղէմը Սամարիայի եւ Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղէմը պիտի ջնջեմ այնպէս, ինչպէս մի ապակէ աման, որ մաքրում ու շուռ են տալիս։
14 Իմ ժողովրդի մնացորդացը պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպէսզի նրանք աւար ու յափշտակութիւն դառնան իրենց բոլոր թշնամիների համար։
15 Այսպէս պիտի վարուեմ, քանի որ իմ առջեւ չարութիւն գործեցին եւ իրենց հայրերին Եգիպտոսից դուրս բերելու օրից մինչեւ այսօր ինձ բարկացնում էին։
16 Մանաւանդ Մանասէն չափազանց շատ անմեղ արիւն թափեց, այնպէս որ Երուսաղէմը ծայրէծայր արեամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջեւ Յուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տուեց։
17 Մանասէի մնացած գործերը, բոլոր արարքները եւ գործած մեղքերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
18 Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց իր տան պարտէզում՝ Օզայի պարտէզում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ամոնը։
19 Ամոնը քսաներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ։ Նա տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Մեսոլոմիթ էր, նա յետեբալցի Արուսի դուստրն էր։
20 Նա իր հայր Մանասէի նման չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ,
21 գնաց իր հօր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հօր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց,
22 լքեց իր հայրերի Տէր Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով։
23 Ամոնի ծառաները նրա դէմ դաւ նիւթեցին ու արքային սպանեցին իր տան մէջ,
24 իսկ ամբողջ ժողովուրդը կոտորեց բոլոր նրանց, որոնք դաւաճանել էին Ամոն արքային։ Երկրի ժողովուրդը նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Յոսիային։
25 Ամոնի մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
26 Ամոնը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտէզում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսիան։