ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 13

1 Յուդայի երկրի արքայ Օքոզիայի որդի Յովասի թագաւորութեան քսաներկուերորդ տարում Իսրայէլի վրայ, Սամարիայում թագաւորեց Յէուի որդի Յովաքազը։ Նա թագաւորեց տասնեօթը տարի։
2 Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, ընթացաւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերի հետքերով։ Նա դրանցից չհրաժարուեց։
3 Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Իսրայէլի դէմ, եւ Տէրը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայէլ արքայի եւ Ազայէլի որդի Ադերի ձեռքը։
4 Յովաքազն աղօթեց Տիրոջը, եւ Տէրը լսեց նրան, որովհետեւ տեսաւ Իսրայէլի նեղութիւնները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։
5 Տէրն Իսրայէլին մի ազատարար տուեց. Իսրայէլն ազատուեց ասորիների ձեռքից, եւ իսրայէլացիներն ապրեցին իրենց վրաններում, ինչպէս նախկին ժամանակներում։
6 Սակայն իսրայէլացիները չհրաժարուեցին Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, այլ նրա ուղիով ընթացան, եւ Աստարոթի կուռքերն էլ մնացին Սամարիայում։
7 Յովաքազի մօտ մնացել էին միայն յիսուն հեծեալ, տասը մարտակառք ու տասը հազար հետեւակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր եւ կոխոտուած հող էր դարձրել։
8 Յովաքազի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
9 Յովաքազը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին Սամարիայում, իր նախնիների մօտ։Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովասը։
10 Յուդայի երկրի արքայ Յովասի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յովաքազի որդի Յովասը։ Նա Սամարիայում թագաւորեց տասներկու տարի։
11 Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, թաղուեց դրանց մէջ։
12 Յովասի մնացած պատմութիւնը, այն ամէնը, ինչ նա արել է, Յուդայի երկրի արքայի հետ կռուելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
13 Յովասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա գահին նստեց Յերոբովամը։ Յովասը թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների մօտ։
14 Եղիսէէն ծանր հիւանդացաւ, որից եւ մեռաւ։ Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ նրա հեծելազօրը։
15 Եղիսէէն նրան ասել էր. Ա՛ռ քո աղեղն ու նետերը։ Յովասն առել էր աղեղն ու նետերը,
16 եւ Եղիսէէն Իսրայէլի արքային ասել էր. Աղեղը ձեռքո՛վդ լարիր. եւ նա իր ձեռքով լարել էր աղեղը։ Եղիսէէն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին
17 եւ ասել. Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը։ Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր. Արձակի՛ր։ Երբ նա արձակել էր, Եղիսէէն ասել էր. Սա Տիրոջ փրկութեան նետն է, ասորիների դէմ փրկութեան նետը։ Դու ասորիներին պիտի հարուածես Ափեկում, մինչեւ որ իսպառ բնաջնջես նրանց։
18 Եղիսէէն աւելացրել էր. Նետեր վերցրո՛ւ։ Երբ Յովասը նետերը վերցրել էր, Եղիսէէն ասել էր Իսրայէլի արքային. Արձակի՛ր եւ խփի՛ր գետնին։ Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել։
19 Աստծու մարդը բարկացել էր նրա վրայ՝ ասելով. Եթէ հինգ կամ վեց անգամ հարուածէիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կը լինէիր։ Արդ, միայն երեք անգամ կը հարուածես ասորիներին։
20 Մեռաւ Եղիսէէն, եւ նրան թաղեցին։ Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ։
21 Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ։
22 Ասորիների արքայ Ազայէլը Յովաքազի իշխանութեան բոլոր օրերին նեղում էր Իսրայէլին,
23 բայց Տէրը յանուն Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայեացքը դարձրեց նրանց, չկամեցաւ կործանել նրանց եւ իր երեսը նրանցից շուռ չտուեց։
24 Ասորիների արքայ Ազայէլը մեռաւ, եւ թագաւորեց Ադերի որդին նրա որդու փոխարէն։
25 Յովաքազի որդին Յովասը ելաւ եւ Ազայէլի որդի Ադերի որդուց գրաւեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հօրից՝ Յովաքազի ձեռքից։ Յովասը նրան երեք անգամ յաղթեց եւ վերագրաւեց Իսրայէլի քաղաքները։