ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 6

1 Մարգարէներն ասացին Եղիսէէին. Այս տեղը, ուր մենք բնակւում ենք, մեզ համար նեղ է,
2 գնանք մինչեւ Յորդանան գետը եւ այնտեղ ամէն մէկս մի գերան վերցնելով՝ մեզ համար բնակութեան տեղ պատրաստենք։ Եղիսէէն ասաց. Գնացէ՛ք։
3 Նրանցից մէկն ասաց. Դու եւս քո ծառաներով ե՛կ մեզ հետ։
4 Նա պատասխանեց. Կը գամ։ Եւ գնաց նրանց հետ։ Հասան Յորդանան գետի եզերքը։ Այնտեղ ծառ էին կտրում։
5 Եւ ահա երբ նրանցից մէկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկաւ։ Նա բացականչելով՝ ասաց. Ո՜հ, Տէ՛ր, ես այն փոխ էի առել։
6 Աստծու մարդը հարցրեց. Ո՞ւր ընկաւ։ Նա ցոյց տուեց տեղը, եւ Եղիսէէն մի փայտ կտրելով՝ այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։
7 Եղիսէէն ասաց. Վերցրո՛ւ։ Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց կացինը։
8 Ասորիների արքան պատերազմի մէջ էր Իսրայէլի դէմ։ Նա խորհրդակցելով իր ծառաների հետ՝ ասաց. Այսինչ տեղում թող բանակը դարան մտնի։
9 Եղիսէէն լուր ուղարկելով Իսրայէլի արքային՝ ասաց. Զգո՛յշ եղիր, չլինի, թէ անցնես այսինչ տեղով, քանզի ասորիները դարան են մտել այնտեղ։
10 Իսրայէլի արքան մարդ ուղարկեց Եղիսէէի նշած վայրը եւ դարանից զգուշացաւ ոչ միայն մէկ, այլ երկու եւ աւելի անգամ։
11 Այս բանի համար ասորիների արքան վրդովուեց եւ կանչելով իր ծառաներին՝ ասաց. Ինձ չէ՞ք ասի, թէ ով է իմ գաղտնիքները յայտնում Իսրայէլի արքային։
12 Ծառաներից մէկն ասաց. Ո՛չ, տէ՛ր իմ արքայ, Իսրայէլում գտնուող Եղիսէէ մարգարէն է, որ Իսրայէլի արքային յայտնում է նոյնիսկ այն բոլոր խօսքերը, որ դու քո ննջասենեակում ես խօսում։
13 Արքան ասաց. Գնացէ՛ք ու տեսէ՛ք, թէ ո՛ւր է նա, որ մարդ ուղարկեմ ու բռնեմ նրան։ Յայտնեցին նրան, որ Եղիսէէն Դոթայիմում է։
14 Նա ուղարկեց մարտակառքեր, երիվարներ եւ ուժեղ զօրք։ Սրանք եկան ու գիշերը պաշարեցին քաղաքը։
15 Առաւօտ կանուխ Եղիսէէն զարթնեց եւ դուրս եկաւ, որ պաշտամունք կատարի։ Նա տեսաւ, որ զօրքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասաւորը նրան ասաց. Տէ՜ր, ի՞նչ պիտի անենք։
16 Եղիսէէն ասաց. Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են։
17 Եղիսէէն աղօթք անելով՝ ասաց. Տէ՜ր, բա՛ց սպասաւորիս աչքերը, որ տեսնի։ Տէրը բացեց նրա աչքերը, եւ նա տեսաւ, որ Եղիսէէի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղէն մարտակառքերով, որոնք եկան նրա մօտ։
18 Եղիսէէն սկսեց աղօթել Տիրոջն՝ ասելով. Հարուածի՛ր այս ազգին, որ շիլ դառնայ։ Եւ Տէրը, ինչպէս ասել էր Եղիսէէն, հարուածեց նրանց ու շիլ դարձրեց։
19 Եղիսէէն ասաց թշնամու զօրքին. Այս չէ ճանապարհը, եւ այս չէ քաղաքը, եկէ՛ք իմ յետեւից, եւ ես ձեզ կը տանեմ այն մարդու մօտ, որին փնտռում էք։ Նա տարաւ նրանց Սամարիա, եւ երբ մտաւ Սամարիա, ասաց Եղիսէէն. Տէ՜ր, բա՛ց նրանց աչքերը, որ տեսնեն։
20 Եւ Տէրը բացեց նրանց աչքերը, ու տեսան, որ իրենք Սամարիայի մէջ են։
21 Երբ Իսրայէլի արքան տեսաւ նրանց, ասաց Եղիսէէին. Սպանե՞մ սրանց, հա՛յր իմ։
22 Եղիսէէն ասաց. Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջեւ հաց ու ջուր դի՛ր. թող ուտեն ու խմեն։ Արձակի՛ր նրանց, թող գնան իրենց տիրոջ մօտ։
23 Նրանց առաջ առատ խոտ դրեց։ Նրանք կերան ու խմեցին։ Արքան նրանց արձակեց, եւ նրանք գնացին իրենց տիրոջ մօտ։ Ասորիների կողոպտիչ զօրքը այլեւս Իսրայէլի երկրի վրայ չյարձակուեց։
24 Դրանից յետոյ Ադերի որդին՝ ասորիների արքան, հաւաքեց իր ամբողջ բանակը եւ եկաւ պաշարեց Սամարիան։
25 Սամարիայում մեծ սով եղաւ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը յիսուն սիկղ արծաթով էր ծախւում, իսկ աղաւնու կեղտի մէկ քառորդ կապիճ չափը՝ յիսունհինգ արծաթով։
26 Իսրայէլի արքան շրջում էր պարսպի վրայ։ Մի կին աղաղակելով՝ ասաց նրան. Փրկի՛ր ինձ, տէ՜ր արքայ։
27 Արքան ասաց. Եթէ Տէրը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ, կալո՞վ, թէ՞ հնձանով։
28 Արքան հարցրեց. Քեզ ի՞նչ է պատահել։ Նա ասաց. Այս կինն ինձ ասաց. Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կ՚ուտենք։
29 Եփեցինք իմ որդուն ու կերանք։ Յաջորդ օրն ասացի նրան. Տո՛ւր քո որդուն, որ ուտենք, սակայն նա թաքցրեց իր որդուն։
30 Երբ արքան կնոջ այս խօսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, եւ քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրայ, ժողովուրդը տեսաւ, որ նա իր հագուստի տակից, մարմնի վրայ քուրձ էր հագել։
31 Արքան ասաց. Թող Աստուած այսպէս ու այսպէս եւ աւելին անի ինձ, եթէ Սափատի որդի Եղիսէէի գլուխն իր վրայ մնայ այսօր։
32 Եղիսէէն նստել էր իր տանը, ծերերի հետ։ Արքան մարդ ուղարկեց նրա մօտ, եւ երբ դեռ պատգամաւորը նրա մօտ չէր հասել, Եղիսէէն ասաց ծերերին. Տեսնո՞ւմ էք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հէնց որ հասնի պատգամաւորը, դռների մօտ բռնեցէ՛ք նրան։ Չէ՞ որ նրա տիրոջ ոտնաձայնը նրա յետեւից լսւում է։
33 Մինչ Եղիսէէն խօսում էր նրանց հետ, պատգամաւորն եկաւ նրանց մօտ եւ ասաց. Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրայ էլ ի՞նչ յոյս դնեմ։