ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 1

1 Աքաաբի մահուանից յետոյ մովաբացիներն ըմբոստացան Իսրայէլի դէմ։
2 Օքոզիան ընկաւ Սամարիայում գտնուող իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասուածք ստացաւ։ Նա պատգամաւորներ ուղարկեց ու ասաց նրանց. Գնացէ՛ք եւ Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրէ՛ք, թէ ես կը փրկուե՞մ այս ցաւից։ Եւ նրանք գնացին հարցնելու նրան։
3 Տիրոջ հրեշտակը, սակայն, կանչեց թեզբացի Եղիային եւ ասաց. Ելիր գնա՛ եւ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամաւորներին դիմաւորելով՝ նրանց ասա՛. Իսրայէլի մէջ Աստուած չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։
4 Մի՛ արէք այդ բանը։ Տէրն այսպէս է ասում. Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու եւ դրա մէջ էլ մեռնելու ես։ Եղիան գնաց ու յայտնեց նրանց այդ խօսքերը։
5 Պատգամաւորները վերադարձան նրա մօտ, եւ նա հարցրեց. Ինչո՞ւ էք յետ դարձել։
6 Նրան ասացին. Մի մարդ մեր առաջ ելաւ ու ասաց մեզ. Վերադարձէ՛ք ձեզ ուղարկող արքայի մօտ եւ ասացէ՛ք նրան. այսպէս է ասում Տէրը. ՛՛Իսրայէլի մէջ Աստուած չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Մի՛ արէք այդ բանը։ Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից ցած չես իջնելու, մեռնելու ես՛՛։
7 Օքոզիան հարցրեց. Ի՞նչ նշաններ ունէր այն մարդը, որ ձեր առաջ ելաւ եւ այդ բաներն ասաց ձեզ։
8 Նրանք ասացին. Մազոտ մարդ էր եւ մէջքին կաշուէ գօտի էր կապել։ Նա ասաց. Դա թեզբացի Եղիան է։
9 Նա մի յիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարէի մօտ իր յիսուն զինուորներով։ Յիսնապետը եկաւ նրա մօտ։ Եղիան նստած էր լերան գագաթին։ Յիսնապետն ասաց նրան. Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից։
10 Եղիան պատասխան տալով՝ ասաց յիսնապետին. Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին։ Կրակ իջաւ երկնքից եւ լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին։
11 Արքան նորից մի այլ յիսնապետ ուղարկեց նրա մօտ իր յիսուն զինուորներով։ Յիսնապետն եկաւ ու ասաց նրան. Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպէս է ասում. Անմիջապէս ցա՛ծ իջիր այդտեղից։
12 Եղիան պատասխան տալով՝ ասաց նրան. Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին։ Աստծու կրակն իջաւ երկնքից ու լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին։
13 Արքան երրորդ անգամ յիսնապետ ուղարկեց յիսուն հոգով։ Երրորդ յիսնապետն եկաւ, Եղիայի առջեւ ծնկի իջաւ եւ աղաչելով՝ ասաց նրան. Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս յիսուն ծառաներին,
14 քանզի տեսանք, որ կրակ ընկաւ երկնքից ու լափեց նախորդ երկու յիսնապետներին ու նրանց յիսունական զինուորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին։
15 Տիրոջ հրեշտակը խօսելով Եղիայի հետ՝ ասաց. Գնա՛ նրա հետ, նրանցից երկիւղ մի՛ ունեցիր։ Վեր կացաւ Եղիան, նրա հետ գնաց արքայի մօտ
16 եւ ասաց նրան. Քանի որ պատգամաւորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ Աստծու մօտ բան հարցնելու, կարծես թէ Իսրայէլի մէջ չկար Աստուած, որ նրանից հարցնէիր (մի բան, որ չպէտք է անէիր), ուստի այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու, այլ մեռնելու ես։
17 Եւ նա մեռաւ, ինչպէս որ Տէրն էր ասել Եղիային։Աքաաբի որդի Յորամը Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնութերորդ տարում թագաւորեց Իսրայէլի վրայ Սամարիայում տասներկու տարի։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր եղբայրների եւ իր մօր նման։ Նա հանեց ու ոչնչացրեց իր հօր պատրաստած Բահաղի արձանները, բայց գործեց Յերոբովամի այն մեղքերը, որոնցով նա մեղանչել էր տուել Իսրայէլին, դրանցից չհրաժարուեց, ուստի Տէրը խիստ զայրացաւ Աքաաբի տան վրայ։ Յոսափատի որդի Յուդայի երկրի արքայ Յորամի թագաւորութեան երկրորդ տարում Օքոզիայի փոխարէն իշխել էր իր եղբայր Յորամը, որովհետեւ Օքոզիան որդի չունէր։
18 Օքոզիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։