ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 9

1 Եղիսէէ մարգարէն կանչելով մի երիտասարդ մարգարէի՝ ասաց նրան. Գօտի՛ կապիր մէջքիդ, իւղի այս սրուակը ձեռքդ վերցրո՛ւ,
2 գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը, ու երբ տեսնես Ամեսիի որդի Յոսափատի որդի Յէուին, կանչի՛ր նրան իր եղբայրների միջից, նրան մի ներքնասենեակ տա՛ր
3 եւ այս սրուակի իւղը նրա գլխին թափելով՝ ասա՛. Այսպէս է ասում Տէրը. քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի։ Ապա դուռը բա՛ց արա, էլ մի՛ սպասիր, փախի՛ր։
4 Երիտասարդ մարգարէն գնաց մտաւ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ տեսաւ,
5 որ զօրքի իշխանները նստած են։ Նա ասաց. Ո՜վ իշխան, խօսք ունեմ քեզ ասելու։ Յէուն ասաց. Մեզնից ո՞ւմ։
6 Մարգարէն ասաց. Քե՛զ, ո՜վ իշխան։ Յէուն եկաւ ու մտաւ սենեակը։ Նա իւղը թափելով նրա գլխին՝ ասաց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայէլի թագաւոր օծեցի,
7 որպէսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը քո միջից եւ իմ ծառայ մարգարէների ու Տիրոջ բոլոր ծառաների արեան վրէժը լուծես Յեզաբէլից ու նրա ամբողջ տնից,
8 Աքաաբի տնից ոչնչացնես բոլոր պատին միզողներին, Իսրայէլում կապուած ու ազատ մարդկանց,
9 որպէսզի ես Աքաաբի տունը Նաբատի որդի Յերոբովամի տան եւ Աքիայի որդի Բաասայի տան նման դարձնեմ։
10 Յեզաբէլին Յեզրայէլի դաշտերի մէջ շները պիտի ուտեն, քանի որ մարդ չպիտի գտնուի, որ թաղի նրան։
11 Ապա նա դուռը բացեց ու փախաւ։ Յէուն եկաւ իր տիրոջ ծառաների մօտ, որոնք հարցրին նրան. Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մօտ։ Նա ասաց նրանց. Դուք արդէն գիտէք այդ մարդուն եւ նրա բարբաջանքները։
12 Նրանք ասացին. Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ։ Յէուն նրանց ասաց. Այսպէս ու այսպէս ասաց ինձ. Այսպէս է ասում Տէրը. քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի։
13 Երբ այդ լսեցին, ամէն մէկն շտապեց իր բաճկոնն առնել եւ աստիճանների գլխին, ուր նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. Յէուն թագաւոր դարձաւ։
14 Ամեսսիայի որդի Յոսափատի որդի Յէուն գլուխ բարձրացրեց Յորամի դէմ, իսկ Յորամը բոլոր իսրայէլացիների հետ ասորիների արքայ Ազայէլից Գաղաադի Ռամաթ քաղաքն էր պաշտպանում։
15 Յորամ արքան ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վէրքերից բուժուելու համար եկել էր Յեզրայէլ։ Յէուն ասաց. Եթէ հոգով դուք ինձ հետ էք, ապա թող ոչ ոք գաղտնի կերպով դուրս չգայ քաղաքից, որ գնայ այս բանը յայտնի Յեզրայէլում։
16 Յէուն ձի հեծաւ ու գնաց Յեզրայէլ, ուր Իսրայէլի Յորամ արքան բուժւում էր նետերի վէրքերից, որ նա ստացել էր Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելիս։ Նա զօրաւոր եւ հզօր մարդ էր եւ այնտեղ էր պառկել։ Յուդայի երկրի արքայ Օքոզիան եկել էր տեսնելու Յորամին։
17 Յեզրայէլում մի պահակ աշտարակի վրայ ելաւ ու փոշի տեսաւ, որ Յէուի գալուց էր բարձրանում։ Նա ասաց. Ես փոշի եմ տեսնում։ Յորամն ասաց. Մի հեծեալ վերցրո՛ւ, նրան ընդառա՛ջ ուղարկիր, եւ նա թող հարցնի, թէ խաղա՞ղ նպատակով է գալիս։
18 Հեծեալը գնաց նրան ընդառաջ եւ ասաց. Արքան այսպէս է ասում. Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս։ Յէուն ասաց նրան. Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ։ Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում։
19 Արքան երկրորդ հեծեալին ուղարկեց, որն ասաց. Այսպէս է հարցնում արքան, թէ՝ Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս։ Յէուն ասաց. Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ։
20 Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. Սուրհանդակը հասել է նրանց մօտ, բայց չի վերադառնում։ Նրա ձի վարելը Ամեսսիայի որդի Յէուի ձի վարելուն նման է, որովհետեւ կատաղօրէն է քշում։
21 Յորամն ասաց. Կառքը լծի՛ր։ Մարտակառքերը լծեցին, եւ Իսրայէլի արքայ Յորամն ու Յուդայի երկրի արքայ Օքոզիան, ամէն մէկն իր մարտակառքը նստած՝ գնացին Յէուին ընդառաջ եւ նրան հասան Նաբոթ Յեզրայէլացու կալուածքում։
22 Երբ Յորամը տեսաւ Յէուին, ասաց. Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Յէո՛ւ։ Յէուն ասաց. Ի՞նչ խաղաղութիւն, երբ քո մայր Յեզաբէլի պոռնկութիւններն ու կախարդութիւնները շատանում են։
23 Յորամը սանձերը շուռ տալով՝ փախաւ եւ ասաց Օքոզիային. Դաւադրութիւն է, Օքոզիա՛։
24 Յէուն քաշեց աղեղը, հարուածեց Յորամի թիկունքի մէջտեղը, նետը մտաւ նրա սիրտը, եւ նա ընկաւ իր ծնկների վրայ։
25 Յէուն ասաց իր զինակիր Բադեկարին. Սրան գցի՛ր Նաբոթ Յեզրայէլացու կալուածքի մի արտը, քանզի յիշում եմ, որ, երբ ես ու դու դրա հայր Աքաաբի յետեւից ձի հեծած կողք-կողքի գնում էինք, Տէրը նրա նկատմամբ այս վճիռը տուեց.
26 Ես, - ասաց Տէրը, - երէկ տեսայ Նաբոթի ու նրա որդիների արիւնը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպէս ասել է Տէրը։
27 Յուդայի երկրի արքայ Օքոզիան, տեսնելով այդ, փախաւ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Յէուն հետապնդելով նրան՝ ասաց. Ապա, դրա՛ն էլ սպանիր։ Եւ նա նրան խոցեց մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Յեբլաամի զառիվերը։ Նա փախաւ Մակեդդով եւ այնտեղ մեռաւ։
28 Ծառաները նրան տարան Երուսաղէմ եւ այնտեղ թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։
29 Իսրայէլի արքայ Յորամի թագաւորութեան տասնմէկերորդ տարում էր թագաւորել Օքոզիան Յուդայի երկրի վրայ։
30 Յէուն եկաւ Յեզրայէլ։Յեզաբէլն այդ լսելով՝ իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։
31 Երբ Յէուն քաղաք էր մտնում, նա ասաց. Մի՞թէ տիրասպան Զամբրին խաղաղութեամբ է գալիս։
32 Յէուն իր գլուխը բարձրացնելով դէպի պատուհանը՝ ասաց. Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մօտ։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին,
33 եւ Յէուն ասաց նրանց. Ցա՛ծ գցեցէք սրան։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արիւնը պատերի ու ձիերի վրայ ցայտեց, եւ ձիերը ոտքի կոխան արեցին նրան։
34 Յէուն մտաւ ներս եւ ուտելուց ու խմելուց յետոյ ասաց. Վերցրէ՛ք այդ անիծեալին ու թաղեցէ՛ք նրան, քանզի թագաւորի դուստր է։
35 Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից,
36 եւ վերադառնալով՝ այդ մասին յայտնեցին Յէուին։ Նա ասաց. Իրականացաւ Տիրոջ այն խօսքը, որ ասուել էր Եղիա Թեզբացու բերանով, թէ՝ Յեզրայէլի կալուածքում շներն ուտելու են Յեզաբէլի մարմինը,
37 Յեզաբէլի դիակը այդ կալուածքի հողի երեսին լինելու է իբրեւ աղբ, այնպէս որ ոչ ոք չկարողանայ ասել, թէ՝ ՛՛Սա է Յեզաբէլը՛՛։