ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 18

1 Իսրայէլի արքայ Եղայի որդի Օսէէի թագաւորութեան երրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Աքազ արքայի որդի Եզեկիան։
2 Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւորեց, եւ Երուսաղէմում քսանինը տարի իշխեց։ Նրա մօր անունը Աբութ էր, որը Զաքարիայի դուստրն էր։
3 Նա իր նախնի Դաւթի նման ըստ ամենայնի ուղիղ ընթացաւ Տիրոջ առջեւ։
4 Նա վերացրեց բարձունքների մեհեանները, խորտակեց բոլոր արձանները, ջարդուփշուր արեց կուռքերի կոթողները, փշրեց Մովսէսի շինած պղնձէ օձը, քանզի մինչեւ այդ օրը իսրայէլացիները զոհ էին մատուցում նրան եւ այն կոչում էին Նէեսթան։
5 Նա իր յոյսը կապեց Իսրայէլի Տէր Աստծու հետ, եւ նրա նմանը չեղաւ Յուդայի երկրի ո՛չ յաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագաւորների մէջ։
6 Նա Տիրոջն ապաւինեց, նրա ճանապարհից չխոտորուեց, պահեց Մովսէսին պատգամուած պատուիրանները,
7 ուստի Տէրը նրա հետ էր, եւ Եզեկիան ինչ որ անում էր, խելամտօրէն էր անում։ Նա ապստամբեց Ասորեստանի արքայի դէմ, չծառայեց նրան,
8 այլազգիներին քշեց մինչեւ Գազա եւ նրա սահմանները, Պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը։
9 Եզեկիա արքայի թագաւորութեան չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի Եղա արքայի որդի Օսէէի թագաւորութեան եօթներորդ տարում Ասորեստանի արքայ Սաղմանասարը ելաւ Սամարիայի դէմ, պաշարեց այն եւ երեք տարի անց քաղաքը գրաւեց։
10 Եզեկիայի թագաւորութեան վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի արքայ Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան
11 եւ սամարացիներին քշեց Ասորեստան, նրանց տեղաւորեց Ալաթում եւ Աբորում՝ Գոզան գետի եւ Մարաց լեռների մօտ,
12 որովհետեւ նրանք իրենց Տէր Աստծուն չէին անսացել, նրա ուխտը չէին պահել եւ այն, ինչ նրանց պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, չէին լսել ու չէին կատարել։
13 Եզեկիա արքայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Յուդայի երկրի պարսպապատ քաղաքների վրայ եւ գրաւեց դրանք։
14 Յուդայի երկրի արքայ Եզեկիան Ասորեստանի արքայի մօտ դեսպաններ ուղարկելով Լաքիս՝ ասաց. Մեղանչել եմ, յե՛տ դարձիր իմ երկրից, եւ ինչ տուգանք որ ինձ վրայ դնես, կը հատուցեմ։ Ասորեստանի արքան Յուդայի երկրի արքայ Եզեկիայի վրայ երեք հարիւր տաղանդ արծաթ եւ երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,
15 եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի գանձատանը ինչ որ գտաւ, տուեց։
16 Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիկների վրայ եղած ոսկին, որ ինքը՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիան էր պատել, ու տուեց Ասորեստանի արքային։
17 Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զօրքով Լաքիսից ուղարկեց Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղէմ եւ, կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնուող վերին աւազանի ջրմուղի վրայ,
18 կանչեցին Եզեկիային։ Նրանց մօտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը, որ պատմագիր էր։
19 Ռափսակը նրանց ասաց. Ասացէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում մեծ արքան՝ Ասորեստանի արքան. Ի՞նչ է քո յոյսը, որին դու ապաւինել ես։
20 Եթէ ասես, թէ խորհուրդ ու զօրութիւն են անհրաժեշտ պատերազմի համար, թէեւ դրանք դատարկ խօսքեր են, ապա ո՞ւմ ապաւինելով ապստամբեցիր իմ դէմ։
21 Դու ապաւինել ես այդ ջախջախուած եղէգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթէ մարդ յենուի, ձեռքը կը ծակի, ու նա կը խոցուի դրանից։ Այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան բոլոր նրանց համար, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ։
22 Ինձ ասացիր, թէ՝ Տէր Աստծուն ենք ապաւինում։ Դա այն չէ՞, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց եւ Յուդայի երկրին ու Երուսաղէմին ասաց. Երուսաղէմում միայն այս զոհասեղանի առջեւ երկրպագեցէք։
23 Արդ, իմ տիրոջ՝ Ասորեստանի արքայի հետ հաշտուեցէ՛ք, եւ նա քեզ երկու հազար երիվար կը տայ, եթէ դու կարող ես այդքան հեծեալներ գտնել դրանց համար։
24 Ինչպէ՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ յետին ծառաներից որեւէ զօրականի եւ դեռ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապաւինում ես Եգիպտոսին։
25 Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես յարձակուել այս երկրի վրայ, որ բնաջնջեմ այն։ Տէրն ինձ ասել է. Յարձակուի՛ր այդ երկրի վրայ եւ բնաջնջի՛ր այն։
26 Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Յովաքը ասացին Ռափսակին. Մեզ՝ քո ծառաների հետ ասորերէ՛ն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրայ կանգնած ժողովրդի ներկայութեամբ եբրայերէն մի՛ խօսիր։
27 Բայց Ռափսակը նրանց ասաց. Միթէ իմ տէրն այս խօսքերը քո տիրո՞ջ ու քե՞զ ասելու համար ուղարկեց ինձ. չէ՞ որ պարսպի վրայ կանգնած մարդկանց համար, որպէսզի ձեզ հետ ուտեն իրենց կեղտը եւ խմեն իրենց մէզը։
28 Ռափսակը ելաւ, բարձր ձայնով բղաւելով՝ եբրայերէն ասաց. Լսեցէ՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը։
29 Այսպէս է ասում արքան. Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել։
30 Եզեկիան ձեզ թող Տիրոջով չյուսադրի՝ ասելով, թէ ՚ Տէրը մեզ անպայման կը փրկի եւ այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը։
31 Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ այսպէս է ասում Ասորեստանի արքան. Ինձ հետ հաշտութիւն կնքեցէ՛ք, եկէ՛ք ինձ մօտ, եւ ամէն մարդ իր խաղողի այգուց ու թզենուց կ՚ուտի, իր ջրհորից ջուր կը խմի,
32 մինչեւ որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր։ Դուք այնտեղ կ՚ապրէք ու չէք մեռնի։ Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ խաբում է ձեզ՝ ասելով, թէ՝ ՚ Տէրը մեզ կը փրկի։
33 Միթէ ազգերի աստուածները Ասորեստանի արքայի ձեռքից փրկեցի՞ն նրանց երկրները։
34 Ո՞ւր է Եմաթի ու Արփաթի աստուածը, ո՞ւր է Սեփփարուիմ քաղաքի աստուածը, Անայի ու Աւայի աստուածը։ Միթէ նրանք փրկեցի՞ն Սամարիան իմ ձեռքից։
35 Երկրի բոլոր աստուածներից ո՞ր մէկը կարողացաւ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տէրը Երուսաղէմը փրկի իմ ձեռքից։
36 Մարդիկ լռեցին եւ պատասխան չտուեցին, որովհետեւ արքան հրաման էր տուել, թէ՝ Նրան մի՛ պատասխանէք։
37 Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը՝ պատմագիրը, զգեստները պատառոտելով եկան Եզեկիայի մօտ ու հաղորդեցին նրան Ռափսակի ասածները։