2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 8

1 Եղբայրնե՛ր, ձեզ ցոյց եմ տալիս Աստծու այն շնորհը, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներին.
2 որովհետեւ, հակառակ իրենց կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը, նրանց ուրախութիւնն անսահման եղաւ, եւ իրենց ծանր աղքատութեան մէջ նրանք մեծ առատաձեռնութիւն ցուցաբերեցին.
3 քանզի իրենց կարողութեան համեմատ եւ նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելի յօժար կամքով իրենց տուածի մասին եմ վկայում.
4 բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է։
5 Եւ ոչ միայն այնչափ, որչափ ակնկալում էինք, այլ իրենք իրենց եւս նուիրեցին՝ նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծու կամքով։
6 Աղաչեցինք Տիտոսին, որ, ինչպէս սկսել էր աւելի առաջ, նոյն ձեւով եւ աւարտին հասցնի ձեր մէջ այդ շնորհը եւս։
7 Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էք հաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ մեր հանդէպ, նայեցէք, որ այդ շնորհի մէջ էլ հարուստ լինէք։
8 Հրաման տալով չէ, որ ասում եմ, այլ ուրիշների փութաջանութիւնը տեսնելով՝ ձեր սիրոյ անկեղծութիւնն եմ փորձում,
9 քանզի գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք։
10 Եւ այս բանի վրայ մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է. դուք, որ առաջինը սկսեցիք ոչ միայն անել այդ գործը, այլեւ այն կամենալ դեռեւս անցեալ տարուանից։
11 Բայց արդ, աւարտի՛ն հասցրէք այն, որովհետեւ ինչպիսի յօժար կամքով որ սկսեցիք, կատարեցէ՛ք այն ձեր ունեցուածքի չափով.
12 քանզի, եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածը ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի.
13 ոչ թէ ուրիշներին հանգստութիւն եմ կամենում, իսկ ձեզ՝ նեղութիւն, այլ թող լինի հաւասարութեամբ.
14 ներկայ դէպքում ձեր առատութիւնը թող լցնի նրանց պակասութիւնը, որ նրանց առատութիւնն էլ լցնի ձեր պակասութիւնը, որպէսզի հաւասարութիւն լինի.
15 ինչպէս գրուած էլ է, թէ՝
16 Բայց, գոհութիւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում,
17 որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ։
18 Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը Աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է։
19 Եւ ոչ միայն այսչափ. այլեւ, նշանակուելով եկեղեցիների կողմից, ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով։
20 Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի, թէ մէկը արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից.
21 քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ։
22 Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաների մէջ՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա է՛լ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ։
23 Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ։ Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը։
24 Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցո՛յց տուէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը։