ԵՐԳ ԵՐԳՈՑ. Chapter 7

1 Ի՞նչ էք տեսնում այդ սոմնացու վրայ, որ գալիս է դէպի մեզ զօրաբանակի գնդերի նման։ Որքա՜ն գեղեցիկ է քո քայլքը կօշիկներով, ո՛վ Ամինադաբի դուստր։ Քո ազդրերի ձեւը նման է ճարտար վարպետի յղկած ուլունքների։
2 Քո պորտը ճախարակուած ըմպանակ է, որից անպակաս է անխառն գինին։ Քո որովայնը ցորենի շեղջ է՝ ծածկուած շուշանով։
3 Քո երկու ստինքները ասես այծեամի երկուորեակ ուլեր են,
4 քո պարանոցը՝ փղոսկրեայ աշտարակ։ Քո աչքերը նման են Եսեբոնի ծովակին՝ Բազում դուստրերի դարպասների մօտ։ Քո քիթը նման է Լիբանանի աշտարակին, որ նայում է դէպի Դամասկոս։
5 Գլուխդ քո վրայ նման է Կարմելոսին, մազերիդ հիւսերը կարծես ծիրանի լինեն,ասես թագաւոր ես՝ թագը գլխիդ, հանդիսարանների մէջ։
6 Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն քաղցր ես դու, սէ՛ր իմ, քո քնքշութեան մէջ։
7 Քո հասակը նման է արմաւենու, իսկ ստինքներդ՝ ողկոյզների։
8 Ասացի. Բարձրանամ արմաւենու վրայ, ձեռքս ձգեմ նրա ճիւղերին, եւ թող քո ստինքները լինեն խաղողի ողկոյզների պէս, քո ռունգերի շունչը՝ խնձորի հոտի նման, եւ քո կոկորդը՝ ազնիւ գինու պէս։
9 Այն ուղիղ գնում է իմ սիրեցեալին՝ հոսելով ննջողների շրթների ատամների վրայ։
10 Ես իմ սիրեցեալինն եմ, եւ նա պիտի վերադառնայ ինձ մօտ։
11 Ե՛կ, իմ սիրեցեա՛լ, ելնենք ագարակները, գիշերենք շէների ու պարտէզների մէջ, վաղ առաւօտեան այգիները գնանք։
12 Տեսնենք, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին։ Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները։
13 Մանրագորներն իրենց հոտն են բուրում, մեր դռների մօտ ամէն տեսակ հին ու նոր մրգատու ծառեր կան, որ իմ մայրն է տուել ինձ, ես պահել եմ քե՛զ համար, իմ սիրեցեա՛լ։