ԵՐԳ ԵՐԳՈՑ. Chapter 4

1 Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։
2 Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։
3 Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։
4 Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաեւ՝ ռազմիկների բոլոր նետերը։
5 Քո երկու ստինքները նման են այծեամի երկուորեակ ուլերի, որոնք արածում են շուշանների մէջ,
6 մինչեւ ցերեկն անցնի, եւ ստուերները շարժուեն։ Ես էլ առանձին գնամ զմուռսի սարը եւ կնդրուկի բլուրը։
7 Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ։
8 Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ եկ Լիբանանից. արի անցի՛ր Հաւատքի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի կատարներից, առիւծների որջերից եւ ինձերի լեռներից։
9 Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։
10 Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները,եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։
11 Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։
12 Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։
13 Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով,
14 նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ,
15 բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։
16 Վե՛ր կաց, հիւսիսի՛ քամի, եւ ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, եւ թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն։