ՀՌՈՒԹ. Chapter 3

1 Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտռեմ, որ քեզ լաւ լինի։
2 Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։
3 Դու լուացուի՛ր, օծանելիք ցանուի՛ր, հագուստներդ հագի՛ր եւ դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ յայտնուիր, մինչեւ որ նա ուտելն ու խմելը վերջացնի։
4 Երբ նա գնայ քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, բա՛ց արա ծածկոցը ոտքի կողմից եւ պառկի՛ր։ Նա քեզ կ՚ասի, թէ ինչ պիտի անես։
5 Հռութը նրան ասաց. Կ՚անեմ այն ամէնը, ինչ որ ասացիր ինձ։
6 Նա իջաւ կալը եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս պատուիրել էր իր սկեսուրը։
7 Բոոսը կերաւ, խմեց, եւ նրա սիրտը զուարթացաւ, գնաց պառկեց դէզի մօտ։ Հռութը թաքուն եկաւ, բացեց ծածկոցը նրա ոտքերի կողմից եւ պառկեց։
8 Կէս գիշերուայ մօտ մարդը վախեցաւ, շփոթուեց եւ տեսաւ, որ իր ոտքերի մօտ մի կին է պառկել։
9 Ասաց. Ո՞վ ես դու։ Նա ասաց. Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրայ, որովհետեւ դու իմ ազգականն ես։
10 Բոոսն ասաց. Օրհնեալ լինես դու Տէր Աստծուց, աղջի՛կս, որովհետեւ քո այս վերջին բարեգթութիւնը աւելին է, քան առաջինը, քանի որ աղքատ կամ հարուստ երիտասարդների յետեւից չգնացիր։
11 Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կ՚անեմ քեզ համար, որովհետեւ իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու զօրաւոր կին ես։
12 Ես, արդարեւ, քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական էլ կայ։
13 Այս գիշեր այստեղ գիշերի՛ր, իսկ առաւօտեան եթէ այն ազգականը տէր կանգնի քեզ, լաւ է, թող տէր կանգնի, իսկ եթէ չկամենայ քեզ տէր կանգնել, ե՛ս քեզ տէր կը կանգնեմ։ Կենդանի է Տէրը։ Պառկի՛ր այստեղ մինչեւ առաւօտ։
14 Նա պառկեց նրա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ։ Հռութը վեր կացաւ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։ Բոոսն ասաց. Թող ոչ ոք չիմանայ, որ կին է եկել ինձ մօտ կալը։
15 Վրայիդ ծածկոցը բե՛ր եւ բռնի՛ր այստեղ։ Հռութը բռնեց այն, եւ Բոոսը վեց չափ գարի չափեց, դրեց նրա շալակը, եւ Հռութը մտաւ քաղաք։
16 Նա գնաց իր սկեսրոջ մօտ, որը նրան ասաց. Ի՞նչ եղաւ, աղջի՛կս։ Եւ նա պատմեց նրան այն ամէնը, ինչ որ այդ մարդն արել էր իր համար,
17 եւ ասաց. Այս վեց չափ գարին տուեց ինձ եւ ասաց. Քո սկեսրոջ մօտ ձեռնունայն չգնաս։
18 Նոոմինն ասաց. Նստի՛ր, մինչեւ որ պարզ լինի մեզ, թէ գործն ինչպես կը վերջանայ, որովհետեւ այն մարդը չի հանգստանայ, մինչեւ որ այս գործն այսօր չվերջացնի։