ՀՌՈՒԹ. Chapter 4

1 Բոոսը գնաց նստեց քաղաքի դռների մօտ։ Եւ ահա նրա մօտով անցնում էր այն ազգականը, որի մասին ասել էր ինքը։ Բոոսը նրան ասաց. Ե՛կ այստեղ նստի՛ր եւ մնա՛ մի պահ։ Նա գնաց նստեց։
2 Բոոսը քաղաքի ծերերից տասը մարդ վերցրեց եւ ասաց. Նստեցէ՛ք այստեղ։ Եւ նրանք նստեցին։
3 Բոոսն ասաց այն ազգականին. Նոոմինը, որը վերադարձել է Մովաբի դաշտից, վաճառում է մեր եղբայր Ելիմելէքի արտի բաժինը։
4 Ես ասացի, թէ կը յայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների եւ իմ ժողովրդի ծերերի ներկայութեամբ գնի՛ր։ Եթէ ուզում ես ազգականի իրաւունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթէ չես ուզում ծախու առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետեւ քեզանից բացի ազգական չկայ, քեզանից յետոյ ազգականը ես եմ։
5 Բոոսն ասաց. Նոոմինից ագարակն առնելուդ օրը մովաբացի Հռութին՝ հանգուցեալի կնոջն էլ կնութեան պիտի առնես, որ վերակենդանացնես մեռածի անունն իր կալուածքում։
6 Ազգականն ասաց Բոոսին. Ես չեմ կարող ազգականի իրաւունքով այն ծախու առնել, որ չաւերեմ իմ ժառանգութիւնը, դո՛ւ տէր կանգնիր իմ ազգականութեան իրաւունքին, որովհետեւ ես չեմ կարող տէր կանգնել։
7 Առաջ Իսրայէլում ետ գնելու եւ ծախու առնելու գործում ամէն բան հաստատելու համար այս սովորութիւնը կար. մարդն իր կօշիկը հանում տալիս էր իր ընկերոջը, որը պէտք է սեփականացնէր նրա ազգականութեան իրաւունքը։ Եւ դա Իսրայէլի մէջ դիտւում էր որպէս վկայութիւն։
8 Ազգականը Բոոսին ասաց. Դո՛ւ ստացիր իմ ազգականութեան իրաւունքը։ Եւ հանեց իր կօշիկն ու տուեց նրան։
9 Բոոսն ասաց ծերերին եւ ամբողջ ժորովրդին. Դուք այսօր վկայ էք, որ ես Ելիմելէքի ամբողջ ստացուածքը եւ Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ստացուածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։
10 Նաեւ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին ինձ կնութեան եմ առնում, որ մեռածի անունը պահեմ իր կալուածքում, եւ նրա անունը չվերանայ իր եղբայրների միջից ու իր բնակավայրի ցեղից. դուք այսօր դրա վկաներն էք։
11 Քաղաքի դռանը գտնուող ամբողջ ժողովուրդը պատասխան տուեց եւ ասաց. Մենք վկայ ենք։ Ծերերն ասացին. Տէրը թող քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքէլի եւ Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայէլի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հաւաքիր եւ Բեթղեհէմում անո՛ւն վաստակիր։
12 Քո տունը թող լինի Փարէսի տան
13 նման, որին Թամարը Յուդայի համար ծնեց այն սերնդից։ Եւ Տէրը քեզ որդի կը տայ այդ աղջկանից։
14 Բոոսը կնութեան առաւ Հռութին, որը մտաւ նրա տունը. Տէրը նրան յղիութիւն տուեց, եւ նա որդի ծնեց։
15 Կանայք ասացին Նոոմինին. Օրհնեալ լինի Տէրը. նա քեզ այսօր առանց ազգականի չթողեց, որ քո անունն Իսրայէլի մէջ յիշուի.
16 նորածինը քեզ սիրտ կը տայ եւ կը կերակրի քո ծերութեան ժամանակ, որովհետեւ քեզ սիրող հարսը ծնեց մի որդի, որ քեզ համար եօթը որդուց լաւ է։
17 Նոոմինն առաւ մանկանը, դրեց իր ծոցը եւ նրա համար դայեակ եղաւ։
18 Դրացիները նրան անուն դրին եւ ասացին. Նոոմինը որդու տէր դարձաւ։ Նրա անունը Օբէդ դրին։ Նա Դաւթի հօր՝ Յեսսէի հայրն է։
19 Փարէսի ազգատոհմը այս է. Փարէսը ծնեց Եսրոմին,
20 Եսրոմը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին,
21 Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին,
22 Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Օբէդին,
23 Օբէդը ծնեց Յեսսէին, Յեսսէն ծնեց Դաւթին։