ԱՌԱԿՆԵՐ. Chapter 21

1 Ինչպէս ջրի հոսանքը,այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛ր կողմ կամենայ, այն կողմն էլ կը դարձնի այն։
2 Ամէն մարդ ինքն իր աչքին արդար է թւում, բայց Տէրն է դատում սրտերը։
3 Արդարութիւն գործելը եւ ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արիւնը։
4 Ամբարտաւանը մեծամիտ է իր յոխորտանքի մէջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։
5 Կարճ խորհրդածութիւնն էլ կարող է առատութիւն բերել,սակայն ամէն մի հապճեպութիւն կարօտութիւն է բերում։
6 Ով հարստութիւն է կուտակում լեզուի ստութեամբ, նա գնում է սնոտի բաների յետեւից եւ պիտի հասնի մահուան որոգայթների։
7 Ամբարիշտները պիտի կործանուեն, քանզի չեն ուզում գործադրել իրաւունքը։
8 Խոտորնակին Աստուած խոտոր ճանապարհ է առաքում, քանզի Տիրոջ գործերը սուրբ են եւ ուղիղ։
9 Լաւ է բաց օդի մէջ մի անկիւնում ապրել, քան անիրաւութեամբ ծեփուած եւ խառնակ տան մէջ։
10 Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում, եւ նա ողորմածութիւն չի գտնի ոչ ոքից։
11 Անխելքի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խորագէտ է դառնում, իմաստունն էլ խորհելով՝ դառնում է առաւել գիտուն։
12 Արդարին մտահոգում է ամբարիշտների սիրտը, բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտներին։
13 Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի։
14 Գաղտնի պարգեւը մեղմացնում է բարկութիւնը, իսկ ով խնայում է պարգեւ տալ, զայրոյթ է յարուցում։
15 Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։
16 Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրուան է գտնում հսկաների ժողովում։
17 Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ՚ընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ։
18 Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։
19 Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ։
20 Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն։
21 Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի։
22 Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։
23 Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից։
24 Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է։
25 Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու։
26 Ամբարիշտն ամէն օր չարիքների ցանկութիւն է յղանում, իսկ արդարն առանց խնայելու ողորմութիւն է տալիս։
27 Ամբարիշտների զոհաբերումները պիղծ են Տիրոջ առջեւ, որովհետեւ մատուցւում են անօրէն խորհրդով։
28 Ստախօս վկան կորստեան պիտի մատնուի. խոնարհ մարդը խօսում է զգուշութեամբ։
29 Ամբարիշտ մարդը դէմդ է ելնում յանդուգն երեսով, բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը։
30 Աստծու համեմատութեամբ՝ մարդ ո՛չ իմաստութիւն ունի, ո՛չ արիութիւն եւ ո՛չ էլ խորհուրդ։
31 Երիվարը պատրաստւում է պատերազմի օրուայ համար, բայց Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը։