ԱՌԱԿՆԵՐ. Chapter 25

1 Առակներ, որ յայտնի չեն Սողոմոնի անունով եւ որոնք գրել են Հրէաստանի արքայ Եզեկիայի բարեկամները։
2 Աստծու փառքը ծածկում է նրա խօսքերը, թագաւորի փառքը երեւում է նրա հրամանները պատուելու մէջ։
3 Անքննելի են երկնքի բարձրութիւնները, երկրի խորութիւնները, թագաւորի սիրտը։
4 Կրակի բովից անցկացրո՛ւ չմշակուած արծաթը, եւ կը տեսնես, որ այն կը մաքրուի ամէն խառնուրդից։
5 Ամբարիշտներին հեռացրո՛ւ թագաւորի երեսից, եւ նրա գահը պիտի հաստատուի արդարութեան վրայ։
6 Մի՛ պարծեցիր թագաւորի մօտ, մի՛ մօտեցիր մեծամեծների տեղերին,
7 որովհետեւ լաւ է, որ մէկը քեզ ասի՝ Արի՛ վեր, ինձ մօտ, քան թէ գլխահակ խոնարհուես իշխանի առաջ։
8 Խօսի՛ր քո աչքով տեսածի մասին. յանդգնօրէն կռուի մէջ մի՛ նետուիր, որ յետոյ չզղջաս։ Եթէ բարեկամդ նախատի քեզ, խո՛յս տուր, մի՛ արհամարհիր։
9 Գուցէ բարեկամդ քեզ նախատի,
10 եւ դու էլ շարունակես քո թշնամութիւնն ու կռիւը, եւ մահուան պէս ծանր լինի քեզ համար։ Շնորհն ու բարեկամութիւնն ազատ են. քո սրտի մէջ հաստատի՛ր դրանք եւ չես նախատուի, այլ հաշտ ու խաղաղ կ՚անցնի կեանքդ։
11 Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի։
12 Պայծառ շարուած սարդիոն եւ ոսկի գինդեր են իմաստուն խօսքերը լսող ականջների համար։
13 Ինչպէս ամռան տօթից տանջուողի համար օգնութիւն է ձիւն գալը, այնպէս էլ հաւատարիմ պատգամատարը օգնութիւն է իրեն ուղարկողների համար, որոնք իրենց յոյսը կապել են նրա հետ։
14 Սուտ խոստումներով պարծեցող մարդիկ նման են սաստիկ քամիների, ամպերի ու անձրեւների։
15 Համբերատարութեամբ թագաւորը յաջողութիւն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները։
16 Երբ մեղր գտնես, որդեա՛կ, կե՛ր չափով. չլինի թէ յագենաս եւ փսխես։
17 Քո ոտքով շատ մի՛ յաճախիր բարեկամիդ մօտ, գուցէ թէ քեզնից կշտանայ եւ քեզ ատի։
18 Սրած սուսեր եւ սուր նետ է սուտ վկայութիւն տուող մարդը իր բարեկամի մասին։
19 Չարի ճանապարհները եւ անօրէնի ոտքերը պիտի կորչեն նրանց չար օրում։
20 Ինչպէս քացախն է անօգուտ վէրքին, այնպէս էլ մարմնին հասած ցաւերից տրտմում է սիրտը։ Ինչպէս ցեցը վնասում է հագուստին, եւ որդը՝ փայտին, այնպէս էլ տրտմութիւնն է վնասակար մարդու սրտին։
21 Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելու,
22 քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի։
23 Հիւսիսային քամին ամպեր է յարուցում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։
24 Լաւ է մենակ ապրել կտուրի տակ՝ անկիւնում, քան թէ բամբասող կնոջ հետ բնակուել մի տան մէջ։
25 Ինչպէս պաղ ջուրն ախորժելի է ծարաւած մարդուն, այնպէս էլ ախորժելի է հեռու երկրից եկած բարի աւետիքը։
26 Ինչպէս որ մէկը խցանելով աղբիւրի ակը՝ խափանում է ջրերի հոսանքը, այնպէս էլ տգեղ է արդարի խոնարհուելը ամբարիշտ մարդու առաջ։
27 Ինչպէս որ լաւ չէ շատ մեղր ուտելը, այնպէս էլ հարկաւոր է յարգել միայն պատուական խօսքերը։
28 Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանուած քաղաքի։