ԱՌԱԿՆԵՐ. Chapter 10

1 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը,անմիտ որդին տրտմութիւն է մօր համար։
2 Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից։
3 Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի։
4 Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։
5 Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ։ Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը։
6 Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։
7 Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի։
8 Իմաստուն սիրտն ընդունում է պատուիրանները, բայց զազրախօսը պիտի կործանուի իր գայթակղող շուրթերի պատճառով։
9 Ողջամտութեամբ ընթացողը գնում է ապահով, իսկ ով ծռում է իր ճանապարհները, թաքուն պիտի չմնայ։
10 Ով նենգ աչքով ակնարկ է անում, նա տրտմութիւն պիտի կրի մարդկանցից, բայց համարձակ յանդիմանողը խաղաղութիւն է բերում։
11 Արդարի ձեռքին է կեանքի աղբիւրը, բայց ամբարշտի կորուստը կը փակի նրա բերանը։
12 Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում, բայց սէրը ծածկում է ամէն մի ներհակութիւն։
13 Ում շուրթերից իմաստութիւն է բխում, նա, ինչպէս գաւազան, հարուածում է անմիտ մարդուն։
14 Իմաստունները իմաստութիւն են հաւաքում,բայց յանդուգն մարդու բերանը մօտ է կործանման։
15 Մեծատունների հարստութիւնն իրենց ամուր քաղաքն է, աղքատութիւնը կորստեան պատճառ է ամբարիշտների համար։
16 Արդարների գործերը կեանք են տալիս, ամբարիշտների բերքը՝ մեղքեր։ Կեանքի ճանապարհները պահպանում է Տէրը։
17 Առանց յանդիմանութեան խրատը սխալ է։
18 Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողները անզգամներ են։
19 Շատախօսութեամբ չես խուսափի մեղքից. շուրթերդ եթէ զսպես, իմաստուն կը լինես։
20 Արդար լեզուն ընտիր արծաթ է, ամբարշտի սիրտը պիտի նուաղի։
21 Արդարների շուրթերը ճանաչում են բարձր մարդկանց, իսկ անզգամները պիտի կործանուեն խելքի պակասութիւնից։
22 Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, եւ նա էլ հարստացնում է նրանցեւ չի աւելացնում նրանց սրտի տրտմութիւնը։
23 Անզգամը ծիծաղելով չարիք է գործում, բայց խոհեմ մարդը իմաստութիւն հաւաքում։
24 Ամբարիշտը շրջում է կորուստը իր հետ, բայց արդարի ցանկութիւնը պիտի կատարուի։
25 Ամբարիշտը պիտի ջնջուի ինչպէս անցնող մրրիկ, բայց արդարը խուսափելով՝ կ՚ապրի յաւիտեան։
26 Ինչպէս ազոխը վնասակար է ատամներին, իսկ ծուխը՝ աչքերին, այդպէս էլ անօրէնութիւնը վնասակար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով։
27 Տիրոջ երկիւղն աւելացնում է կեանքի օրերը, բայց ամբարիշտների տարիները պիտի կրճատուեն։
28 Արդարների ուրախութիւնը պիտի երկարի, իսկ ամբարիշտների յոյսը պիտի կորչի։
29 Տիրոջ երկիւղը ոգու ամրութիւն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկութիւն է նրանց համար, ովքեր չարիք են գործում։
30 Արդարը երբեք չպիտի դողայ, ամբարիշտները չպիտի բնակուեն երկրի վրայ։
31 Արդարի բերանն իմաստութիւն է բխեցնում, բայց անիրաւի լեզուն պիտի կտրուի։
32 Արդար մարդկանց շուրթերը շնորհներ պիտի բխեցնեն,բայց ամբարիշտների բերանը պիտի կործանուի։