ԱՌԱԿՆԵՐ. Chapter 16

1 Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը։
2 Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները։
3 Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն։ Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, եւ դու շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ։
4 Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան։
5 Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը։
6 Ով փնտռում է Տիրոջը, նա գիտութիւն կը գտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտռեն նրան, խաղաղութիւն կը գտնեն։
7 Աստծու բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար։
8 Լաւ է քիչ վերցնել՝ Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձեր՝ ամբարշտութեամբ։
9 Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած էլ ուղղի նրա ընթացքը։
10 Թագաւորի շուրթերին մարգարէական պատգամ կայ, եւ նրա բերանը չի սխալուի դատաստանի ժամանակ։
11 Կշռաքարի արդարութիւնը Տիրոջից է. արդար նժարներ են նրա գործերը։
12 Ով չարիք է գործում, նա գարշելի է թագաւորի համար, քանի որ նրա իշխանութեան աթոռը հաստատ է մնում արդարութեան շնորհիւ։
13 Արդար շուրթերը հաճելի են թագաւորին, քանի որ Տէրը սիրում է ուղիղ խօսքը։
14 Թագաւորի զայրոյթը մահուան պատգամաբեր է, բայց իմաստունը մեղմացնում է այն։
15 Թագաւորի որդու երեսի լոյսը կեանք է, եւ նրա բարեհաճութիւնը սպասուող անձրեւաբեր ամպի պէս է։
16 Առաւել ցանկալի է իմաստութիւն ստանալ, քան ոսկի. եւ առաւել բաղձալի է խոհեմութիւն ձեռք բերել, քան արծաթ։
17 Կեանքի շաւիղները հեռացնում են չարիքներից, եւ արդարութեան ճանապարհների վրայ է գտնւում կեանքի երկարութիւնը։ Խրատ ընդունողը բարիքների մէջ կը լինի, եւ յանդիմանութիւն պահողը կ՚իմաստնանայ։ Տիրոջ ճանապարհից զգոյշ գնացողը պահպանում է իր անձը, կեանքը սիրողը զսպում է իր լեզուն։
18 Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը՝ չար բարքը։
19 Լաւ է հեզասիրտ լինել խոնարհների հետ, քան աւար բաժանել ամբարտաւանների հետ։
20 Գործի մէջ խելացի մարդը բարիքներ կը գտնի, եւ երանելի է նա, ով յոյսը դնում է Տիրոջ վրայ։
21 Իմաստուններին եւ հանճարներին անմիտ են կոչում, բայց նրանց, որ քաղցր-մեղցր խօսքեր ունեն, աւելի շատ են լսում։
22 Միտքը կեանքի աղբիւր է այն ունեցողի համար, բայց անմիտների խրատը չար է։
23 Իմաստունի սիրտը գիտէ իր բերանի խօսքը, եւ նա իր շուրթերով իրաւադատութիւն է խորհում.
24 Բարի խօսքը մեղրի խորիսխ է, եւ հոգու բժշկութիւն է նրա քաղցրութիւնը։
25 Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թւում, բայց նրանց վերջաւորութիւնը տանում է դէպի դժոխքի յատակ։
26 Աշխատողը վաստակում է իր անձի համար՝ իր կորուստը հեռու վանելով իրենից, բայց անմիտը կորուստը կրում է իր բերանի մէջ։
27 Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է յղանում եւ կրակ է կուտակում իր շուրթերի վրայ։
28 Խորամանկ մարդը չարիքներ է նիւթում, չարութեամբ բորբոքում է նենգութեան լապտերը եւ բարեկամներին բաժանում է իրարից։
29 Անօրէն մարդը փորձութեան է ենթարկում իր բարեկամներին եւ նրանց տանում է վատ ճանապարհներով։
30 Նա, որ իր աչքերը փակում եւ ծուռ բաներ է խորհում, որ շուրթերը փակ ամէն տեսակ չարիքներ է մտորում՝ այդպիսին չարի հնոց է։
31 Ծերութիւնը պարծանքի պսակ է, որ մարդ գտնում է միայն արդարութեան ճանապարհին։
32 Համբերատար մարդը լաւ է հզօրից, իմաստութիւն ունեցողը՝ մեծատարած հանդեր ունեցողից, իր բարկութիւնը զսպողը՝ մեծազօր քաղաք գրաւողից։
33 Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։