ԱՌԱԿՆԵՐ. Chapter 19

1 Լաւ է տգէտ լինել, բայց միամիտ, քան թէ անզգամ ու շաղակրատ։
2 Տգիտութիւնն էլ, սակայն, լաւ չէ հոգու համար, եւ ով իր ոտքերին ստիպում է շտապել՝ սխալներ է գործում։
3 Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծու վրայ։
4 Հարստութիւնը աւելացնում է շատ բարեկամներ, բայց աղքատը բաժանւում է նոյնիսկ հարազատ բարեկամից։
5 Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ չի փրկուի նա, ով զուր տեղն է մեղադրում։
6 Շատերն են հաճոյախօսում թագաւորի դիմաց, բայց ամէն մի չարակամ պիտի նախատուի մարդկանցից։
7 Ով ատում է իր աղքատ եղբօրը, ինքն էլ հեռու պիտի լինի նրա սիրուց։ Բարի խորհուրդը մերձենում է իրեն ճանաչողին, եւ իմաստուն մարդը կը գտնի այն։ Ով խիստ բան է անում չարամտօրէն, նա չարիք է գործում, եւ ով վէճեր է յարուցում, փրկութիւն չի գտնի,մանաւանդ որ այնպիսի բան է անում, որ չի վերաբերում իրեն։
8 Խելք ձեռք բերողը սիրում է իր հոգին, եւ իմաստութիւն պահողը բարիք է պահում։
9 Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ ով թշնամանք է բորբոքում, ով չարութիւն է գրգռում, պիտի կործանուի։
10 Անզգամին վայել չէ փափկակեցութիւնը,եւ ոչ էլ գոռոզութիւնը՝ ծառային, երբ նա սկսի իշխել։
11 Գթասիրտ մարդը համբերատար կը լինի, եւ նրա համար պարծանք է բարձր լինել անզգամներից։
12 Թագաւորի սպառնալիքը նման է առիւծի մռնչիւնի,իսկ նրա զուարթութիւնը՝ դալարիքի վրայ կաթած ցօղի։
13 Անմիտ որդին ամօթանք է հօր համար. ընդունելի չէ բոզերի վարձով կատարուած ուխտը։
14 Տներն ու ստացուածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստուած է տալիս տղամարդուն։
15 Ծուլութիւնը յատուկ է թուլամորթին, եւ գործ անել չսիրող մարդը քաղցած կը մնայ։
16 Պատուիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանուի։
17 Աղքատին ողորմութիւն տուողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տուածի էլ Աստուած պիտի հատուցի նրան։
18 Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, եւ մի՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ անես նրան, նա չի մեռնի, բայց նրա հոգին կը փրկես մահից։
19 Չարաբարոյ մարդը շատ է տուժելու, եւ եթէ աւելի դաժան վարուի, հոգին էլ վրայ կը տայ։
20 Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը, որպէսզի իմաստուն դառնաս յետագայում։
21 Բազմաթիւ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծու խորհուրդը մնում է յաւիտեան։
22 Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, եւ արդար աղքատը լաւ է, քան ստախօս հարուստը։
23 Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր յաւիտեան այցելու չի ունենայ։
24 Ով անգործութեամբ ձեռքերը թաքցնում է ծոցում, նա իր ձեռքը նոյնիսկ իր բերանն էլ չի տանի։
25 Անզգամի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խելացի է դառնում, իսկ եթէ յանդիմանես իմաստունին, նա առաւել իմաստութիւն կ՚ունենայ։
26 Այն որդին, որ անարգում է հօրը եւ հեռացնում մօրը, պիտի ամօթ կրի եւ նախատինք։
27 Հօր խրատը չպահող որդին չար խորհուրդներ է խորհում։
28 Անմիտ երիտասարդին երաշխաւոր եղողը ծաղրում է արդարութիւնը.ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատ ու դատաստան։
29 Տանջանքները պատրաստուած են անխելք մարդկանց համար, պատիժները՝ անզգամների։