ԱՌԱԿՆԵՐ. Chapter 14

1 Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։
2 Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի։
3 Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։
4 Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը։
5 Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։
6 Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ։
7 Անզգամը հակառակ է ամէն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զէնքն են։
8 Խելացի մարդու իմաստութիւնը երեւում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտութիւնը՝ իրենց մոլորութիւնից։
9 Անօրէնների տները պիտի դատապարտուեն արդարութեան կողմից, բայց արդարների տները հաճելի են դրան։
10 Զգայուն մարդու սիրտը տրտմութիւն է իր համար, բայց ուրախութեան ժամանակ նա թշնամանքի չի խառնւում։
11 Ամբարիշտների տները պիտի կործանուեն, բայց արդարների բնակարանները պիտի հաստատ լինեն։
12 Ճանապարհներ կան, որ մարդկանց թւում են ուղիղ, բայց դրանց վերջաւորութիւնը դժոխքի յատակն է գնում։
13 Տրտմութիւնը չի խառնւում ուրախութեան հետ, բայց ուրախութիւնը յետոյ վերածւում է սգի։
14 Խստասիրտը պիտի յագենայ իր ճանապարհներից, իսկ բարերար մարդը ուղղուելու է իր խոհերի շնորհիւ։
15 Անմեղը հաւատում է ամէն բանի, բայց խորագէտը պիտի զղջայ։
16 Իմաստունը զարհուրելով՝ իր ճամփան շեղում է չարից, իսկ անզգամը ինքնավստահ ընկերանում է անօրէնի հետ։
17 Զայրացկոտ մարդը գործում է առանց մտածելու, իսկ իմաստուն մարդը խիստ համբերատար է։
18 Ամբարիշտները պիտի բաժանեն չարիքները, բայց խորագէտները պիտի զօրանան իրենց իմաստութեամբ։
19 Չարերը ծնկի պիտի գան բարիների առջեւ, եւ ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մօտ։
20 Աղքատներին ատում են նոյնիսկ իր բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։
21 Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանութեան։
22 Մոլորեալները չարիքներ են նիւթում, բարիք խորհողները՝ ողորմութիւն եւ ճշմարտութիւն արարում։ Չարիքներ նիւթողները չեն ճանաչում ողորմութիւնն ու հաւատը, բայց բարիք արարողները կը ժառանգեն ողորմութիւնն ու հաւատը։
23 Իմաստութիւն է, որ մարդ աշխատում եւ մի բան է աւելացնում, բայց անհոգ դատարկապորտը միշտ կարիքի մէջ պիտի լինի։
24 Իմաստունների պսակը իրենց խորագիտութիւնն է, իսկ անմիտների ուղին՝ իրենց չարութիւնը։
25 Հաւատարիմ վկան մարդ է փրկում, բայց նենգամիտը բորբոքում է ստերի կրակը։
26 Տիրոջից երկիւղ կրելու մէջ վստահ յոյս կայ, որովհետեւ Աստուած իր որդիների համար խաղաղ ապաւէն է։
27 Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից։
28 Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է, հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նուազելու մէջ։
29 Համբերատար մարդն օժտուած է մեծ խոհեմութեամբ, բայց կարճամիտը շատ է անխելք։
30 Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն։
31 Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին։
32 Ամբարիշտը պիտի մերժուի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի։
33 Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն։
34 Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նուազեցնում։
35 Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին. իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը։ Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին։