ԱՌԱԿՆԵՐ. Chapter 18

1 Ով ցանկանում է բարեկամներից հրաժարուել, պատճառներ է փնտռում. այդպիսին ամէն ժամանակ նախատինք պիտի կրի։
2 Իմաստութիւնը պակասամիտի համար ոչ մի բանի պէտք չէ, քանի որ նա կը վարուի առաւել անզգամութեամբ։
3 Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրայ էլ անարգանք ու նախատինք են հասնում։
4 Խորհուրդը խոր ջուր է մարդու սրտում, բխող գետ է եւ կեանքի աղբիւր։
5 Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ, եւ ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրաւունքը։
6 Անզգամի շուրթերը նրան հասցնում են չարիքների, եւ նրա յանդուգն բերանը մահ է հրաւիրում իր վրայ։
7 Անզգամի բերանը կործանում է նրա համար, եւ նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար։
8 Վատին կործանում է վախը, իսկ կնաբարոյ անձինք պիտի քաղցի մատնուեն։
9 Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է։
10 Տիրոջ անունը յայտնի է նրա զօրութեան մեծութիւնից, եւ դէպի նա ընթացող արդարները բարձրանում են։
11 Մեծատուն մարդու հարստութիւնն ամուր քաղաք է նրա համար, եւ նրա փառքը մեծ հովանի ունի։
12 Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ եւ խոնարհւում է փառքի հասնելուց առաջ։
13 Ով առանց բան լսելու պատասխան է տալիս, դա անզգամութիւն է նրա համար եւ նախատինք։
14 Իմաստուն ծառան մեղմացնում է մարդու ցասումը, բայց ո՞վ կարող է դիմանալ մարդուս նեղսրտութեանը։
15 Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում, իմաստունների ականջները փնտռում են ուսանելի խորհուրդներ։
16 Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը եւ նրան նստեցնում իշխանների հետ։
17 Արդարն ինքն իր մասին չարախօսում է իր խօսքի սկզբին, երբ սկսում է յանդիմանուել ոսոխի կողմից։
18 Լուռումունջ մնալը մեղմացնում է հակառակութիւններըեւ զօրեղների միջեւ վճռում է հարցը։
19 Եղբօրից օգնութիւն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի. նա հզօր ու բարձր է ինչպէս հաստատուն թագաւորութիւնը։
20 Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը եւ իր շուրթերի պտղով պիտի յագենայ։
21 Մահն ու կեանքը լեզուի ձեռքին են, եւ ով յաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։
22 Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել եւ ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անմիտ է եւ ամբարիշտ։
23 Աղքատն աղաչում է ողոքիչ խօսքով, բայց հարուստը յանդուգն պատասխան է տալիս։
24 Տղամարդը լկտիութեան պատճառով է բոզանոց գնում։ Մօտիկ բարեկամը լաւ է հեռաւոր եղբօրից։