ԱՌԱԿՆԵՐ. Chapter 8

1 Դրա համար էլ դու քարոզի՛ր իմաստութիւնը, որ հանճարը արձագանքի քեզ։
2 Այն գտնւում է բարձր լեռների գլխին եւ շաւիղների վրայ,
3 այն սպասում է նաեւ հզօրների դռան առջեւ, եւ օրհնւում է նրանց մուտքերին։
4 Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը։
5 Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ,
6 ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ, եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար,
7 քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը։
8 Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ,
9 բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու։
10 Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։
11 Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան։
12 Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ, եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը։
13 Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը։
14 Իմն է խորհուրդը, իմն է զգուշութիւնը, իմն են հանճարը եւ զօրութիւնը։
15 Թագաւորներն ինձնով են թագաւորում, եւ հզօրները՝ օրինադրում արդարութիւնը։
16 Ինձնով են բարձրանում մեծամեծները, եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին։
17 Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, եւ ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի։
18 Իմն են հարստութիւնն ու փառքը, կայուն ունեցուածքն ու արդարութիւնը։
19 Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի եւ անգին քարեր, ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի եւ ընտիր արծաթ։
20 Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով եւ շրջում արդարութեան շաւիղներով,
21 որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին եւ նրանց գանձարանները լցնեմ բարիքներով։ Սակայն որպէսզի ես ձեզ պատմեմ, թէ ինչ է լինելու ամէն օր, ապա պիտի յիշեցնեմ նաեւ, թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից։
22 Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ։
23 Նա ծնեց ինձ հէնց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ,
24 աւելի առաջ, քան անդունդներ կը բացէր,
25 աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կը բխեցնէր, եւ էլ աւելի առաջ, քան կը հաստատէր լեռներն ու բոլոր բլուրները։
26 Տէրն ստեղծեց շէն ու անշէն վայրեր եւ բնակելի աշխարհները երկնքի ներքոյ։
27 Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը,երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրայ,
28 երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերինեւ երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ։
29 Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը, - որ ջրերը նրա ափերը չանցնեն, -այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,ես նրա մօտ էի որպէս գործավար։
30 Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս,եւ ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ.
31 բովանդակ տիեզերքը հրճւում էր, եւ ուրախ էի մարդկանց որդիների հետ։
32 Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ. երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։
33 Լսեցէ՛ք իմաստութիւնը, եւ դուք կը լինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից։
34 Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ,եւ այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները, մշտապէս կը տքնի իմ դռների առջեւ եւ կը պահպանի իմ դռների շեմերը։
35 Իմ ուղիները կեանքի ուղիներ են, եւ Տէրն է սահմանել իմ կամքը։
36 Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը։