1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ. Chapter 2

1 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ իզուր չեղաւ մեր մուտքը ձեր մէջ,
2 այլ, նախապէս չարչարուելով եւ անարգուելով Փիլիպէում, - ինչպէս որ դուք էլ գիտէք, - մեր Աստուծով համարձակուեցինք պատմել ձեզ Աստծու Աւետարանը մեծ ընդդիմութեան հանդիպելով.
3 որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութիւնից է, ո՛չ պղծութիւնից եւ ո՛չ էլ նենգամտութիւնից։
4 Այլ, ինչպէս ընտրուեցինք Աստծուց՝ հաւատարիմ լինելու Աւետարանին, այնպէս էլ խօսում ենք՝ հաճելի լինելու համար ոչ թէ մարդկանց, այլ՝ Աստծուն, որ քննում է մեր սրտերը.
5 շողոքորթութեան խօսքեր երբեք չգործածեցինք ձեզ մօտ, ինչպէս որ դուք էլ գիտէք. եւ ոչ էլ եղանք ձեր մէջ ագահութիւնից մղուած, ինչպէս որ Աստուած էլ վկայ է.
6 եւ փառք չփնտռեցինք մարդկանցից, ո՛չ ձեզնից եւ ո՛չ էլ ուրիշներից։
7 Կարո՛ղ էինք, որպէս Քրիստոսի առաքեալներ, ծանրութիւն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում։
8 Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել։
9 Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը։
10 Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ.
11 ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին,
12 մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին։
13 Ահա թէ ինչու մենք շարունակ գոհութիւն ենք տալիս Աստծուն նրա համար, որ, մեզնից Աստծու խօսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս, որպէս Աստծու խօսք, որ ներգործում է նաեւ ձեր՝ հաւատացեալներիդ մէջ.
14 որովհետեւ դուք, եղբայրնե՛ր, նմանուեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրէաստանում են ի Քրիստոս Յիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նոյն չարչարանքներով չարչարուեցիք, ինչպէս որ նրանք՝ հրեաներից,
15 որոնք եւ սպանեցին Տէր Յիսուսին եւ մարգարէներին ու հալածեցին մեզ եւ Աստծու աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան։
16 Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին՝ նրանց փրկութեան համար, որպէսզի ամէն ժամ լցնեն իրենց մեղքի չափը. սակայն նրանց վրայ բարկութիւնը հասել է իսպառ։
17 Իսկ մենք, եղբայրնե՛ր, թէպէտեւ միառժամանակ դէմքով զրկուած մնացինք ձեզնից, բայց՝ ո՛չ սրտով. առաւել եւս շտապեցինք տեսնել ձեր երեսները մեծ ցանկութեամբ։
18 Դրա համար, ես՝ Պօղոսը, մէկ անգամ եւ նոյնիսկ երկու անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, բայց Սատանան արգելք եղաւ մեզ.
19 քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դո՛ւք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստեան ժամանակ.
20 որովհետեւ դո՛ւք էք մեր փառքը եւ ուրախութիւնը։