1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ. Chapter 3

1 Ի վերջոյ, չհամբերեցինք այլեւս, որովհետեւ բարւոք թուաց մեզ միայնակ մնալ Աթէնքում.
2 բայց ուղարկեցինք Տիմոթէոսին՝ մեր եղբօրն ու Աստծու եւ Քրիստոսի Հօր Աւետարանի մեր գործակցին՝ ամրապնդելու ձեզ եւ մխիթարելու ձեր հաւատի համար,
3 որպէսզի չսասանուէք այս նեղութիւնների մէջ. դուք ինքներդ իսկ գիտէք, որ այս բանի համար ենք սահմանուած,
4 քանի որ, մինչ ձեզ մօտ էինք, առաջուց ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ են հասնելու մեր վրայ. ինչպէս որ եղաւ իսկ. եւ դուք գիտէք այդ։
5 Դրա համար էլ ես այլեւս չկարողանալով համբերել, մարդ ուղարկեցի՝ իմանալու ձեր հաւատի մասին, այն մտավախութեամբ, որ փորձիչը ձեզ էլ փորձած լինի, եւ իզուր լինի մեր տարած աշխատանքը։
6 Բայց հիմա, երբ Տիմոթէոսը ձեր մօտից մեզ մօտ եկաւ եւ ձեր հաւատի ու սիրոյ աւետիսը տուեց մեզ, որ միշտ մեր բարի յիշատակն էք պահում ձեր մտքում եւ որ ցանկանում էք մեզ տեսնել, ինչպէս եւ մենք՝ ձեզ,
7 դրա համար, եղբայրնե՛ր, մխիթարուեցինք ձեզնով, ձեր ունեցած հաւատով մեր բոլոր վշտերի եւ նեղութիւնների մէջ.
8 եւ այժմ կենդանի կը լինենք, եթէ դուք հաստատ մնաք Տիրոջով։
9 Ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար այն ամբողջ ուրախութեան պատճառով, որով ուրախանում ենք ձեզ համար Աստծու առաջ.
10 գիշեր-ցերեկ թախանձագին աղօթում ենք, որ տեսնենք ձեր երեսը եւ լրացնենք ձեր հաւատի պակասը։
11 Եւ ինքն Աստուած ու մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս թող ուղղի մեր ճանապարհները դէպի ձեզ.
12 եւ ինքը Տէրը թող աճեցնի եւ առատացնի ձեր սէրը, որ ունէք միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ, ինչպէս եւ մենք՝ ձեր հանդէպ։
13 Թող նա ամրացնի ձեր սրտերը, անարատ սրբութեամբ, Աստծու եւ մեր Հօր առաջ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան ժամանակ՝ իր բոլոր սրբերով հանդերձ։