1 ՊԵՏՐՈՍ. Chapter 5

1 Ուրեմն՝ աղաչում եմ երէցներին, ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան.
2 արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ.
3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին,
4 որպէսզի, երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք։
5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութի՛ւն ունեցէք, քանի որ Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ։
6 Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։
7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին։
8 Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։
9 Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները։
10 Եւ բոլոր շնորհների Աստուածը, - որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, - թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
11 Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։
12 Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծու ճշմարիտ շնորհն ա՛յս է. դրանում հաստա՛տ մնացէք։
13 Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրուած է ձեզ նման, ինչպէս նաեւ՝ իմ որդի Մարկոսը։
14 Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով։ Խաղաղութիւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք։ Ամէն։