ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 12

1 Ռոբովամ արքան գնաց Սիկիմ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը եկել էր Սիկիմ նրան թագաւոր օծելու։
2 Երբ դա լսեց Նաբատի որդի Յերոբովամը, որը տակաւին Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձաւ Երուսաղէմ։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։
3 Յերոբովամը եւ հաւաքուած բոլոր իսրայէլացիները եկան ու խօսելով Ռոբովամ արքայի հետ՝ ասացին.
4 Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրայ։ Արդ, դու թեթեւացրո՛ւ քո հօր սահմանած խիստ ծառայութիւնն ու մեզ վրայ դրած ծանր լուծը, որ մենք ծառայենք քեզ։
5 Ռոբովամն ասաց նրանց. Գնացէ՛ք եւ երեք օրից դարձեալ եկէ՛ք ինձ մօտ։ Նրանք գնացին։
6 Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանութեան օրօք, եւ ասաց. Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին։
7 Նրան ասացին. Եթէ դու այսօր ժողովրդին ծառայութիւն մատուցես, զիջող լինես, ընդառաջես եւ բարի խօսքեր ասես, նրանք ընդմիշտ կը ծառայեն քեզ։
8 Ռոբովամը, սակայն, մերժեց ծերերի տուած խորհուրդը եւ խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝
9 ասելով. Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խօսեց ինձ հետ ու ասաց. Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեզ վրայ։
10 Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. Այսպէս կ՚ասես այն մարդկանց, որ քեզ հետ խօսելով ասել են. Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու թեթեւացրո՛ւ այն մեր վրայից։ Այսպէս ասա՛ նրանց.
11 Իմ ճկոյթը հօրս մէջքից հաստ է։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ վրայ ծանր լուծ էր դրել, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կը խրատեմ ձեզ։
12 Երրորդ օրն ամբողջ Իսրայէլը եկաւ Ռոբովամ արքայի մօտ, ինչպէս արքան ասել էր նրանց. Վերադարձէ՛ք ինձ մօտ երրորդ օրը։
13 Արքան խստութեամբ պատասխան տուեց ժողովրդին եւ, մերժելով ծերերի տուած խորհուրդը,
14 Ռոբովամը նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների տուած խորհրդի՝ ասելով. Եթէ իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրայ, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ։
15 Թագաւորը չլսեց ժողովրդին, որովհետեւ Տէրն էր խոտորել նրան, որպէսզի Տէրը հաստատի իր այն խօսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Յերոբովամի վերաբերեալ։
16 Երբ ամբողջ Իսրայէլը տեսաւ, որ արքան չլսեց իրեն, պատասխան տուեց ժողովուրդն արքային՝ ասելով. Մենք կիսելու ի՞նչ ունենք Դաւթի հետ։ Մենք Յեսսէի որդու հետ էլ ժառանգութիւն չունենք։ Իսրայէ՛լ, գնա՛ քո վրանները, դու ի՛նքդ հոգա Դաւթի տան հոգսերը։
17 Իսրայէլացիները գնացին իրենց վրանները, իսկ Յուդայի երկրի քաղաքներում բնակուող իսրայէլացիների վրայ թագաւորեց Ռոբովամը։
18 Ռոբովամ արքան հարկահաւաքների պետ Ադոնիրամին ուղարկեց հարկ հաւաքելու, բայց ամբողջ Իսրայէլը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղէմ։
19 Այսպիսով Իսրայէլը ապստամբեց Դաւթի տան դէմ։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։
20 Երբ ամբողջ Իսրայէլը լսեց, թէ Յերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, նրան ժողովի կանչեցին ու թագաւոր օծեցին Իսրայէլի վրայ։ Ոչ ոք չյարեց Դաւթի տանը, բացի Յուդայի ու Բենիամինի ցեղերից։
21 Ռոբովամը մտաւ Երուսաղէմ եւ զօրահաւաք արեց Յուդայի տնից ու Բենիամինի ցեղից։ Հարիւր ութսուն հազար երիտասարդ պատերազմողներ ելան Իսրայէլի տան դէմ, որպէսզի թագաւորութիւնը վերադարձնեն Սողոմոնի որդի Ռոբովամին։
22 Տէրը խօսեց Աստծու մարդ Սամեայի հետ՝ ասելով.
23 Խօսի՛ր Յուդայի երկրի արքայ Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի ու Բենիամինի ամբողջ տան եւ մնացած մարդկանց հետ ու նրանց ասա՛.
24 Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների՝ իսրայէլացիների դէմ, եւ թող իւրաքանչիւրը վերադառնայ իր տունը, քանզի ինձնից եղաւ այդ բանը։ Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ, անսալով Տիրոջը, յետ դարձան։
25 Յերոբովամը Եփրեմի լերան վրայ կառուցեց Սիկիմը եւ այնտեղ էր բնակւում։ Այնուհետեւ այնտեղից ելաւ ու շինեց Փանուէլը։
26 Յերոբովամն ասաց իր մտքում. Իմ թագաւորութիւնը նորից կը վերադառնայ Դաւթի տուն,
27 եթէ այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղէմում, Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կը հակուի դէպի Տէրն ու իրենց տէրը՝ Յուդայի երկրի արքայ Ռոբովամը, ինձ կը սպանեն ու կ՚անցնեն Յուդայի երկրի արքայ Ռոբովամի կողմը։
28 Արքան խորհեց ու երկու ոսկէ հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. Բաւական է մինչեւ Երուսաղէմ գնաք։ Ահա քո աստուածները, ո՜վ Իսրայէլ, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտացիների երկրից։
29 Նա կուռքերից մէկը դրեց Դանում, իսկ միւսը՝ Բեթէլում։
30 Այսպիսով մեղք գործուեց, որովհետեւ ժողովուրդը գնում էր մինչեւ Դան՝ հորթերից մէկին երկրպագելու։
31 Նա բարձունքների վրայ կառուցեց նաեւ մեհեաններ եւ Ղեւիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։
32 Յերոբովամը տօն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տօնական օր սահմանեց, ինչպէս Յուդայի երկրում էր, եւ Բեթէլում պատրաստած իր ոսկէ հորթերի համար զոհեր մատուցեց։ Նա Բեթէլում կառուցած մեհեանում քրմեր նշանակեց,
33 Բեթէլում, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը սահմանած տօնին՝ զոհասեղանի վրայ զոհեր մատուցեց իսրայէլացիների համար։