ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 16

1 Տէրը Անանիայի որդի Յէուի միջոցով խօսքն ուղղելով Բաասային՝ ասաց.
2 Թէեւ ես քեզ երկրի փոշուց բարձրացրի եւ իմ ժողովուրդ Իսրայէլին առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Յերոբովամի ճանապարհով եւ Իսրայէլի իմ ժողովրդին մեղանչել տուեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։
3 Դրա համար ես թշնամի եմ յարուցելու Բաասայի ու նրա տան դէմ եւ քո տունը Նաբատի որդի Յերոբովամի տան նման եմ դարձնելու։
4 Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն։
5 Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործութիւններն ու այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
6 Բաասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Թերսայում։ Ասա արքայի թագաւորութեան քսաներորդ տարում նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ելան։
7 Արդէն ասել ենք, թէ Տէրը Անանիայի որդի Յէու մարգարէի միջոցով խօսել էր Բաասայի, նրա տան եւ այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թէ ինչպէս նա իր կատարած գործերով բարկացրել էր նրան, եւ Տէրը պատուհասել էր նրան այնպէս, ինչպէս Յերոբովամին։
8 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայէլի վրայ երկու տարի թագաւորեց Բաասայի որդի Ելան։
9 Նրա ծառայ Զամբրին՝ հեծելազօրի կէս մասի հրամանատարը, ըմբոստացաւ նրա դէմ, երբ նա Թերսայում հանդերձարանի պետ Արսայի տանը խմել հարբել էր։
10 Զամբրին Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում խփեց սպանեց նրան եւ նրա փոխարէն թագաւոր դարձաւ։
11 Երբ նա թագաւորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձաւորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց պատին միզող ոչ մէկին։
12 Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց, ինչպէս որ Տէրը Յէու մարգարէի միջոցով յայտնել էր Բաասայի տան մասին։
13 Այս բոլորը եղան Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տուել Իսրայէլին՝ բարկացնելով Իսրայէլի Տէր Աստծուն իրենց կուռքերով։
14 Ելայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
15 Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում Զամբրին Թերսայում թագաւորեց եօթը օր։ Այդ ժամանակ Իսրայէլի զօրքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։
16 Երբ բանակատեղիում գտնուող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զօրք է հաւաքել ու սպանել արքային, ապա նոյն օրը զօրահրամանատար Ամրիին թագաւոր դարձրեց Իսրայէլի վրայ բանակատեղիում։
17 Ամրին բոլոր իսրայէլացիների հետ գնաց Գաբաթոնից ու եկաւ պաշարեց Թերսան։
18 Երբ Զամբրին տեսաւ, որ քաղաքը շուտով գրաւելու են, մտաւ արքունի սենեակներից մէկը եւ արքունի տունը հրի մատնեց։
19 Նա մեռաւ Տիրոջ առաջ իր գործած մեղքերի համար, քանզի գնացել էր Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցել։
20 Զամբրիի մնացած գործերն ու նիւթած դաւադրութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
21 Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկուսի բաժանուեց. ժողովրդի կէսը յարեց Գոնաթի որդի Թամնիին, որպէսզի նրան թագաւոր դարձնի, իսկ ժողովրդի միւս կէսը յարեց Ամրիին։
22 Յաղթեցին Ամրիի հետեւորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին յարող ժողովուրդը պարտութիւն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա եղբայր Յորամը, եւ Թամնիից յետոյ թագաւորեց Ամրին։
23 Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երեսունմէկերորդ տարում Ամրին թագաւորեց Իսրայէլի վրայ եւ իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագաւորեց վեց տարի։
24 Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շէնացրեց եւ շէնացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։
25 Ամրին Տիրոջ առջեւ չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից աւելի չարութիւն գործեց,
26 գնաց Նաբատի որդի Յերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տուեց Իսրայէլին եւ իր կուռքերով բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն։
27 Ամրիի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
28 Ամրին գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց Սամարիայում, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքաաբը։
29 Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Նա քսաներկու տարի թագաւորեց Սամարիայում։
30 Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջեւ առաւել չար գտնուեց, քան իր բոլոր նախորդները։
31 Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Յերոբովամի նոյն մեղքերը, նա կին առաւ սիդոնացիների արքայ Յոբաղի դուստր Յեզաբէլին եւ գնաց ու պաշտեց Բահաղին,
32 երկրպագեց նրան եւ Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։
33 Աքաաբը կուռք կանգնեցրեց եւ իր գործերով առաւել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորները։
34 Նրա օրօք բեթէլացի Աքիէլը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց, համաձայն Տիրոջ խօսքի, որ ասուեց Նաւէի որդի Յեսուի բերանով։