ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 17

1 Գաղաադի Թեզբէ գիւղից սերած Եղիա մարգարէն ասաց Աքաաբին. Կենդանի է երկնային զօրութիւնների Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որի առջեւ կանգնում եմ. եթէ այս տարիներին ցօղ իջնի կամ անձրեւ գայ, ապա այդ կը լինի միայն իմ խօսքով։
2 Տէրը խօսեց Եղիայի հետ եւ ասաց.
3 Գնա՛ այստեղից դէպի արեւելք ու թաքնուի՛ր Քոռաթի հեղեղատի մօտ, որը Յորդանան գետի դիմացն է։
4 Այնտեղ հեղեղատի ջրից կը խմես, իսկ ես հրամայել եմ ագռաւներին, որ քեզ այնտեղ կերակրեն։
5 Եղիան գնաց եւ արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մօտ, Յորդանան գետի դիմաց։
6 Ամէն առաւօտ ագռաւները հաց ու միս էին բերում նրան, ինչպէս նաեւ հաց ու միս՝ երեկոները, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում։
7 Որոշ ժամանակ անց հեղեղատը ցամաքեց, որովհետեւ անձրեւ չէր տեղում երկրի վրայ։
8 Տէրն իր խօսքն ուղղեց Եղիային՝ ասելով.
9 Վե՛ր կաց եւ գնա՛ սիդոնացիների Սարեփթա քաղաքը եւ այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատուիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի։
10 Եղիան գնաց Սարեփթա ու հասաւ քաղաքի դարպասը։ Մի կին այնտեղ փայտ էր հաւաքում։ Եղիան ձայն տալով նրան՝ ասաց. Ինձ համար ամանով մի քիչ ջուր բե՛ր, որ խմեմ։
11 Կինը գնաց բերելու։ Եղիան նրա յետեւից ձայն տալով՝ ասաց. Ինձ համար մի պատառ հաց բե՛ր։
12 Կինն ասաց. Կենդանի է քո Տէր Աստուածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած մի քիչ իւղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հաւաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ եւ երեխաներիս համար. այն կ՚ուտենք ու յետոյ կը մեռնենք։
13 Եղիան ասաց նրան. Քաջալերուի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ պատրաստի՛ր ու բե՛ր եւ ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։
14 Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ալիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նուազելու մինչեւ այն օրը, երբ Տէրն անձրեւ կը տեղացնի երկրի վրայ։
15 Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան։ Եղիան, կինն ու նրա որդիները կերան։
16 Այդ օրուանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնուազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը։
17 Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ։ Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ չմնաց։
18 Այրին ասաց Եղիային. Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդո՞ւս սպանես։
19 Եղիան ասաց կնոջը. Տո՛ւր ինձ քո որդուն։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ պառկեցրեց նրան իր անկողնի վրայ։
20 Եղիան աղաղակելով ասաց. Ո՜վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն եւ մահ պատճառեցիր։
21 Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն՝ ասելով. Տէ՜ր իմ Աստուած, այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու։
22 Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ, ու նա կենդանացաւ։
23 Եղիան առաւ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տուեց իր մօրը՝ ասելով. Տես, որ կենդանի է քո որդին։
24 Կինն ասաց Եղիային. Հիմա համոզուեցի, որ դու Աստծու մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում։