ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 19

1 Աքաաբը իր կնոջը՝ Յեզաբէլին պատմեց այն ամէնը, ինչ Եղիան արել էր, եւ թէ ինչպէս նա բոլոր մարգարէներին սրակոտոր էր արել։
2 Յեզաբէլը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մօտ՝ ասելով. Եթէ դու Եղիան ես, իսկ ես՝ Յեզաբէլը, ապա թող աստուածներն ինձ այսպէս ու այսպէս անեն եւ դեռ աւելին, եթէ վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարէներից իւրաքանչիւրին արեցիր դու։
3 Եղիան վախեցաւ, ելաւ գնաց, հեռացաւ այդտեղից, եկաւ Յուդայի երկրի Բերսաբէէ քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝
4 ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց դէպի անապատ եւ նստեց բեւեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացաւ՝ ասելով. Բաւական է, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից աւելի լաւ չեմ։
5 Նա քուն մտաւ, ննջեց ծառի տակ։ Եւ ահա մէկը նրան մօտենալով՝ ասաց. Ելի՛ր ու կե՛ր։
6 Եղիան նայեց եւ տեսաւ իր սնարից կախուած հաճարի նկանակ եւ ջրի կուժ։ Նա ելաւ, կերաւ, խմեց եւ դարձեալ ննջեց։
7 Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ նրան մօտենալով՝ ասաց. Ելի՛ր, կե՛ր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու։
8 Նա վեր կացաւ, կերաւ ու խմեց եւ այդ կերակրի զօրութեամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչեւ Աստծու Քորէբ լեռը։
9 Նա մտաւ քարայրն ու այնտեղ օթեւանեց։ Եւ ահա նրան հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛։
10 Եղիան ասաց. Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին եւ քո մարգարէներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտռում են, որ սպանեն։
11 Տէրն ասաց. Վաղն առաւօտեան կ՚ելնես ու կը կանգնես լերան վրայ, Տիրոջ առջեւ։ Տէրը կ՚անցնի, մի սաստիկ հողմ կը բարձրանայ, Տիրոջ առաջ կը խորտակի լեռները, փուլ կը տայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի։ Հողմից յետոյ երկրաշարժ կը լինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի։
12 Երկրաշարժից յետոյ կրակ կը թափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի։ Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կը լինի։
13 Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս։ Եւ ահա մի ձայն ասաց նրան. Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛։
14 Եղիան ասաց. Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտռում են, որ սպանեն։
15 Տէրն ասաց նրան. Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կ՚օծես,
16 Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կ՚օծես մարգարէ քո փոխարէն։
17 Այնպէս կը լինի, որ Ազայէլի սրից ազատուածին Յէուն կը սպանի, իսկ Յէուի սրից ազատուածին՝ Եղիսէէն։
18 Իսրայէլում կը թողնես եօթը հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին եւ շրթունքներով նրան չեն համբուրել։
19 Նա գնաց այնտեղից ու գտաւ Սափատի որդի Եղիսէէին, որը տասներկու եզով վար էր անում, եւ եզները զոյգ-զոյգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զոյգն էր քշում։ Եղիան մօտենալով՝ իր կաշուէ վերարկուն նետեց Եղիսէէի վրայ։
20 Եղիսէէն թողեց եզներն ու վազեց Եղիայի յետեւից՝ ասելով. Թող նախ համբուրեմ հօրս ու մօրս, ապա հետեւեմ քեզ։ Եղիան ասաց. Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել։
21 Վերադառնալով՝ նա մի զոյգ եզ վերցրեց, մորթեց եւ հերկելու գործիքները տաքացնելով՝ խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի յետեւից ու ծառայեց նրան։