ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 9

1 Երբ Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան շինութիւնը, ինչպէս նաեւ այն բոլոր գործերը, որ նա կամենում էր կատարել,
2 Տէրը երկրորդ անգամ երեւաց նրան, ինչպէս երեւացել էր նրան Գաբաւոնում։
3 Տէրը նրան ասաց. Լսեցի իմ առջեւ արած աղօթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամէնը, ինչ դու խնդրում էիր քո աղօթքներում. սրբագործեցի քո կառուցած տունը, որպէսզի իմ անունը յաւիտեան այնտեղ դրուի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։
4 Եթէ դու քո հայր Դաւթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամէնը, ինչ պատուիրեցի նրան, պահես իմ հրամաններն ու պատուիրանները,
5 ապա քո աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան կանգուն կը պահեմ, ինչպէս խոստացել եմ քո հայր Դաւթին՝ ասելով, թէ՝ Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայ։
6 Իսկ եթէ դուք եւ ձեր որդիները ինձնից խոտորուէք, չպահէք իմ պատուիրաններն ու հրամանները, որ Մովսէսը տուեց ձեզ, գնաք ու ծառայէք օտար աստուածներին, երկրպագէք նրանց, ապա երկրի երեսից կը ջնջեմ Իսրայէլ աշխարհը, որ տուել եմ նրանց։
7 Իմ անուան համար սրբագործուած այս տունը աչքից կը գցեմ, Իսրայէլը բոլոր ժողովուրդների մօտ խայտառակ ու ծաղրի առարկայ կը լինի։
8 Եւ եթէ այս բարձր տան կողքից ամէն անցնող զարմանալով ու սուլելով հարց տայ, թէ՝ Ինչո՞ւ է Տէրն այսպէս արել այս երկիրն ու այս տունը,
9 ապա նրան պիտի պատասխանեն. Քանի որ նրանք լքեցին իրենց Տէր Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից, ստրկութեան տնից, իսկ իրենք յարեցին օտար աստուածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տէրը նրանց վրայ թափեց այս ամբողջ չարիքը։ Այն ժամանակ Սողոմոնը փարաւոնի դստերը հանեց Դաւթի քաղաքից ու բերեց իր կառուցած տունը։
10 Քսան տարուայ ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքունի տունը,
11 Տիւրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղեւնափայտ, մայրի փայտ, ոսկի եւ այն ամէնը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն ժամանակ Սողոմոն արքան Քիրամին Գալիլիայում քսան քաղաք նուիրեց։
12 Քիրամը եկաւ Տիւրոսից ու գնաց Գալիլիա, որպէսզի տեսնի Սողոմոնի իրեն նուիրած քաղաքները, սակայն դրանք նրան դուր չեկան։
13 Նա ասաց. Եղբա՛յր, այս ի՞նչ քաղաքներ ես դու ինձ նուիրել։ Եւ նա դրանց անունը Սահմաններ դրեց։ Դրանք մինչեւ այսօր էլ այդպէս են կոչւում։
14 Եւ Քիրամը Սողոմոնին հարիւր քսան տաղանդ ոսկի բերեց։
15 Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը եւ արքունի տունը, Մելոնը եւ բարձրապարիսպները, լցնի Դաւթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը եւ Երուսաղէմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը,
16 որոնք Եգիպտոսի փարաւոն արքային էին պատկանում։ Փարաւոնը գնացել, նուաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, եւ այն օժիտ էր տուել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։
17 Սողոմոնը վերակառուցեց Գազերը, ներքին Բեթերոնը,
18 Բալաթն ու Թերմոթը այդ երկրի անապատում,
19 իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանուած քաղաքները եւ այն շենքերը, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղէմում, Լիբանանում եւ ամբողջ երկրում։
20 Որպէսզի գլուխ չբարձրացնեն Իսրայէլի ցեղին չպատկանող եւ երկրում ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խեւացիներից, քանանացիներից, յեբուսացիներից ու գերգեսացիներից կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայէլացիները չէին կարողացել կոտորել,
21 Սողոմոնը նրանց հարկատու ծառայութեան ենթարկեց, ինչպէս որ են մինչեւ այսօր։
22 Սողոմոնը իսրայէլացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր սպառազէն զինուորները, իր հեծեալները։
23 Սողոմոնի գործերի վերակացուները հինգ հարիւր յիսուն իշխաններ էին, որոնք հսկում էին գործաւոր ժողովրդին։
24 Փարաւոնի դուստրը Դաւթի քաղաքից դուրս գալով՝ եկաւ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը կառուցեց Մելոնը։
25 Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որը Տիրոջ համար էր կառուցել, եւ Տիրոջ առջեւ խունկ էր ծխում։ Նա աւարտեց տան կառուցումը։
26 Եդոմի երկրում, Կարմիր ծովի եզրին, Ելաթի մօտ գտնուող Գասիոնդաբերում Սողոմոն արքան նաւեր պատրաստեց,
27 իսկ Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ծովի նաւարկութեան հմուտ նաւորդներ ուղարկեց այդ նաւերով։
28 Սրանք եկան Սոփերա եւ այնտեղից չորս հարիւր քսան տաղանդ ոսկի բերեցին ու յանձնեցին Սողոմոն արքային։