ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 4

1 Սողոմոն արքան թագաւորում էր Իսրայէլի վրայ,
2 ու սրանք էին նրա իշխանները. Սադոկի որդի Ազարիան՝ քահանայ,
3 Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Յոսափատը՝ դիւանապետ,
4 Յովիդայէի որդի Բանեան՝ սպարապետ, Սադոկն ու Աբիաթարը՝ քահանաներ,
5 Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանայ եւ արքայի բարեկամ,
6 Աքիսարը՝ տան վերակացու, Ելիակը՝ հազարապետ, Սափի որդի Ելիափը՝ իշխան, եւ Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։
7 Սողոմոնն ամբողջ Իսրայէլում ունէր տասներկու գործակալներ, որոնցից ամէն մէկը տարուայ մէջ մէկ ամիս ուտեստեղէն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։
8 Ահա նրանց անունները. Օրի որդի Բէինը՝ Եփրեմի լերան վրայ,
9 Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամիւսում ու Այիլոմում մինչեւ Բեթանան,
10 Եսդի որդին՝ Արաբոթում։ Սրան էին պատկանում Սոքովն ու ամբողջ Օփերի երկիրը։
11 Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը սրա կինն էր։
12 Այելոթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում եւ Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մօտ է, Եզրայէլից ներքեւ, եւ տարածւում է Բեթսանից մինչեւ Աբելմաուլա եւ Մամբրալա։
13 Գարերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Սրան էին պատկանում Մանասէի որդի Յայիրի աւանները Գաղաադում, Երգաբի գաւառը Բասանում, վաթսուն մեծամեծ պարսպապատ, պղնձէ նիգերով ամրացուած քաղաքներ։
14 Ադդովի որդի Այինադաբը՝ Մայենեմում,
15 Աքիմասը՝ Նեփթաղիմում։ Սա Սողոմոնի դուստր Մասեմաթին կնութեան էր առել։
16 Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում եւ Բաալոթում։
17 Փարուայի որդի Յոսափատը՝ Իսաքարում։
18 Ելի որդի Սեմէին՝ Բենիամինում։
19 Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագաւոր Սեհոնի ու Բասանի թագաւոր Օգի երկրում։ Նաբիփը՝ Յուդայի երկրում։
20 Իսրայէլը ծովեզերքի աւազի չափ շատ բնակիչներ ունէր, որոնք ուտում էին, խմում եւ ուրախանում։
21 Սողոմոնը տիրում էր թագաւորութիւններին այլազգիների գետի երկրից մինչեւ Եգիպտոսի սահմանները։ Բերում էին ընծաներ ու ծառայեցին նրան մինչեւ նրա կեանքի վերջը։
22 Սողոմոնն օրական սպառում էր երեսուն քոռ ընտիր ալիւր, քառասուն քոռ ալիւր,
23 տասն ընտիր եզներ, արօտավայրում կերակրուած քսան կով եւ հարիւր ոչխար, չհաշուած եղջերուները, այծեամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ
24 քանզի նա իշխում էր գետից այս կողմ գտնուող բոլոր երկրների վրայ՝ Թափսայից մինչեւ Գազա, գետի այս կողմում եղած բոլոր թագաւորութիւնների վրայ։ Խաղաղութիւն էր տիրում նրա երկրում ու շրջակայ բոլոր կողմերում։
25 Սողոմոնի իշխանութեան օրօք Յուդայի երկրում եւ Իսրայէլում, Դանից մինչեւ Բերսաբէէ, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կեանք էին վարում, ուտում ու խմում։
26 Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ լծկան ձիեր եւ տասներկու հազար երիվարներ։
27 Գործակալները Սողոմոն արքային ամէն ամիս պարէն էին մատակարարում, արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։
28 Որտեղ որ գտնւում էր արքան, ըստ իւրաքանչիւրի վրայ դրուած հարկի, այնտեղ էին բերում նաեւ գարի ու յարդ նժոյգների եւ լծկան ձիերի համար։
29 Տէրը Սողոմոնին տուեց ընդունակութիւն, շատ խոր իմաստնութիւն, ծովեզերքի աւազի չափ լայնախոհ սիրտ։
30 Սողոմոնի իմաստնութունը շատ աւելի խորն էր, քան բոլոր նախորդ մարդկանց ու Եգիպտոսի իմաստունների հանճարը։
31 Նա բոլոր մարդկանցից առաւել իմաստուն դարձաւ, աւելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը եւ Մաւուլի որդիներ Քալքալն ու Դարդանը։ Նրա համբաւը տարածուել էր շրջակայ բոլոր ազգերի մէջ։
32 Սողոմոնը երեք հազար առակ է գրել, իսկ նրա օրհներգութիւնների թիւը հինգ հազար է։
33 Նա խօսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչեւ պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու ձկների մասին։
34 Բոլոր կողմերից, նրա իմաստնութեան համբաւը լսած երկրի բոլոր թագաւորների մօտից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի իմաստնութիւնը։