ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 5

1 Տիւրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մօտ, որովհետեւ լսել էր, թէ նրան թագաւոր են օծել իր հայր Դաւթի փոխարէն. Քիրամը միշտ սիրել էր Դաւթին։
2 Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով.
3 Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դաւիթը շրջակայ երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացաւ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, մինչեւ որ Տէրը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ։
4 Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար։
5 Ես որոշել եմ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, ինչպէս Տէր Աստուածը պատուիրել է իմ հայր Դաւթին՝ ասելով. Իմ անուան տունը շինելու է քո որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարէն։
6 Արդ, հրամա՛ն տուր, որ ինձ համար Լիբանանից փայտ կտրեն, եւ իմ ստրուկների հետ լինեն նաեւ քո ստրուկները։ Ես քեզ կը տամ քո ստրուկների վարձատրութիւնն այնքան, որքան դու կ՚ասես, որովհետեւ դու ինքդ գիտես, որ մենք չունենք մի մարդ, որ գիտենայ սիդոնացիների նման փայտ կտրել։
7 Երբ Քիրամը լսեց Սողոմոնի խօսքերը, շատ ուրախանալով՝ ասաց. Օրհնեալ է այսօր Տէր Աստուածը, որ Դաւթին իմաստուն որդի է տուել, որպէսզի նա ղեկավարի մի բազմամարդ ժողովուրդ։
8 Քիրամը Սողոմոնին լուր ուղարկեց՝ ասելով. Իմացայ այն ամէնն, ինչ ինձ յայտնեցին քո ուղարկած մարդիկ։ Ես կը կատարեմ քո ամբողջ կամքը.
9 իմ ստրուկները Լիբանանից եղեւնափայտ ու մայրի կ՚իջեցնեն ծով, ես դրանցից լաստեր կը պատրաստեմ ծովի վրայ, դրանք բերել կը տամ մինչեւ այն տեղը, որ դու ինձ ցոյց կը տաս, ես ծովափ կը հանեմ դրանք, եւ դու կը վերցնես։ Դրա փոխարէն դու կը կատարես իմ կամքը. հաց կը մատակարարես իմ տանը։
10 Քիրամը Սողոմոնին եղեւնափայտ ու մայրի էր տալիս այնքան, ինչքան նա ուզում էր,
11 իսկ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն ու քսան հազար սափոր զտուած ձիթաիւղ, որ Սողոմոնն ամէն տարի ուղարկում էր Քիրամին։
12 Տէրը Սողոմոնին իմաստնութիւն տուեց, ինչպէս խոստացել էր նրան, խաղաղութիւն հաստատուեց Քիրամի ու Սողոմոնի միջեւ, եւ նրանք իրար հետ դաշինք կնքեցին։
13 Սողոմոնը գլխաահարկ դրեց ամբողջ Իսրայէլում։ Հարկ էր դրուած երեսուն հազար մարդու վրայ,
14 որոնցից տասը հազարին ամէն ամիս ուղարկում էր Լիբանան։ Սրանք մէկ ամիս մնում էին Լիբանանում եւ երկու ամիս՝ իրենց տներում։ Այդ գլխահարկի վերակացու էր Ադոնիրամը։
15 Սողոմոնը լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ,
16 բացի երեք հազար հինգ հարիւր գործակալ ղեկավարներից, որ Սողոմոնը նշանակել էր գործաւորների վրայ։
17 Արքայի հրամանով տան հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր։
18 Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ ու Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ ու քար պատրաստեցին Աստծու տան շինութեան համար։