1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 2

1 Եւ ես, եղբայրնե՛ր, թէպէտ եւ եկայ ձեզ մօտ, բայց ոչ թէ յայտնելու ձեզ Աստծու վկայութիւնը իմաստութեան խօսքի գերազանցութեամբ.
2 որովհետեւ իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մէջ այլ բան, եթէ ոչ՝ միայն Յիսուս Քրիստոսին եւ նոյն ինքը խաչուածին։
3 Եւ ես տկարութեամբ, երկիւղով եւ սաստիկ դողով եղայ ձեզ հետ.
4 եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը իմաստութեան ճարտար խօսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զօրութեամբ,
5 որպէսզի ձեր հաւատը չլինի մարդկանց իմաստութեամբ, այլ՝ Աստծու զօրութեամբ։
6 Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը,
7 այլ քարոզում ենք Աստծու խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները.
8 եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ, եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի.
9 այլ, ինչպէս գրուած էլ է.
10 Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը.
11 քանզի մարդկանցից ո՞վ է, որ բան գիտէ մարդու մասին, եթէ ոչ՝ մարդու հոգին, որ նրա մէջ է։ Նոյնպէս եւ ոչ ոք չգիտէ Աստծու խորհուրդները, եթէ ոչ՝ Աստծու Հոգին։
12 Ուրեմն մենք ոչ թէ այս աշխարհի հոգին առանք, այլ՝ այն Հոգին, որ Աստծուց է, որպէսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհուեց մեզ։
13 Եւ ինչ որ յայտնում ենք, ոչ թէ ճարտար խօսքերի մարդկային ուսուցումով է, այլ՝ Հոգու վարդապետութեամբ. հոգեւոր բաները հոգեւոր խօսքերով ենք բացատրում.
14 քանզի ոչ հոգեւոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտութիւնները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք։
15 Իսկ հոգեւոր մարդը քննում է ամէն ինչ. եւ ինքը ոչ ոքից չի քննւում։
16 Իսկ արդ, ո՞վ իմացաւ Տիրոջ մտածումը, որ խորհուրդ տայ նրան. բայց մենք ունենք Քրիստոսի մտածումը։