1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 16

1 Իսկ ինչ վերաբերում է սրբերին տրուող նպաստին, դուք եւս այնպէս արէք, ինչպէս պատուիրեցի Գաղատիայի եկեղեցիներին։
2 Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն,
3 որպէսզի, երբ գամ, այն ժամանակ նպաստների հանգանակութիւն չլինի։ Այլ, երբ գամ, ում որ արդէն յարմար էք համարել, գրութիւններով դրանց կ՚ուղարկեմ՝ ձեր ընծաները տանելու Երուսաղէմ։
4 Իսկ եթէ պէտք լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։
5 Ձեզ մօտ կը գամ, երբ անցնեմ Մակեդոնիայով (քանզի Մակեդոնիայով պիտի անցնեմ միայն).
6 եւ եթէ յարմար լինի, ձեզ մօտ կը մնամ կամ կը ձմեռեմ, որ դուք ճանապարհ դնէք ինձ, ուր էլ գնալու լինեմ.
7 որովհետեւ չեմ ուզում ձեզ հիմա հարեւանցի տեսնել. յոյս ունեմ մի որոշ ժամանակ մնալ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ։
8 Բայց այժմ կը մնամ Եփեսոսում մինչեւ Պենտեկոստէի օրը.
9 քանի որ ինձ համար աշխատանքի մեծ եւ կարեւոր դուռ է բացուած, իսկ հակառակորդները շատ են։
10 Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ, որովհետեւ Տիրոջ գործն է անում, ինչպէս ինքս էլ։
11 Ոչ ոք նրան թող չարհամարհի. եւ նրան ճանապա՛րհ դրէք խաղաղութեամբ, որ գայ ինձ մօտ, քանզի սպասում եմ նրան եղբայրներով հանդերձ։
12 Ինչ վերաբերում է եղբայր Ապողոսին, շատ խնդրեցի նրան, որ գայ ձեզ մօտ եղբայրներով հանդերձ. բայց, արդարեւ, ցանկութիւն չունի, որ այժմ գայ, այլ կը գայ, երբ յարմար ժամանակ գտնի։
13 Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք։
14 Ձեր ամէն ինչը սիրով թող լինի։
15 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, գիտէք Ստեփանոսի եւ Փորտունատոսի ընտանիքը, որոնք Աքայիա նահանգի առաջին պտուղներն են եւ իրենց նուիրեցին սրբերի ծառայութեանը։
16 Դուք էլ հնազա՛նդ եղէք այդպիսիներին եւ ամէն մէկին, որ գործակից եւ ծառայակից է նրանց։
17 Ուրախացայ, որ Ստեփանոսը, Փորտունատոսը եւ Աքայիկոսը եկան, որովհետեւ ձեր պակասութիւնը նրանք լցրին.
18 քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը։ Արդ, գնահատեցէ՛ք այդպիսիներին։
19 Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց տան մէջ եղող եկեղեցիով հանդերձ։
20 Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները։ Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով։
21 Այս ողջոյնի գիրը իմ ձեռքինն է՝ Պօղոսինը։
22 Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. Մարան աթա։
23 Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։
24 Եւ իմ սէրը ձեզ ամենքիդ հետ ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։