1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 9

1 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր։
2 Թէպէտեւ ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յամենայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետեւ իմ առաքելութեան կնիքն իսկ էք դուք ի Տէր։
3 Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է.
4 միթէ իշխանութիւն չունե՞նք ուտելու եւ խմելու։
5 Միթէ իշխանութիւն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են։
6 Միայն ես եւ Բառնաբա՞սը պարտաւոր ենք մեր ապրուստի համար աշխատելու։
7 Ո՞վ երբեւէ զինուորութիւն կ՚անի իր ծախսով։ Ո՞վ այգի կը տնկի եւ նրա պտղից չի ուտի։ Ո՞վ հօտ կ՚արածացնի եւ հօտի կաթից չի խմի։
8 Միթէ մարդկայնօրէ՞ն եմ ասում այս բանը. կամ թէ՝ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում։
9 Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. Կալում աշխատող եզան դունչը չկապես։ Միթէ միայն եզների՞ համար էր հոգ անում Աստուած։
10 Չէ՞ որ մեզ համար է ասում. քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով կալսում է՝ վայելելու յոյսով։
11 Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք։
12 Եթէ ուրիշներ ձեր վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ եւս առաւել՝ մենք։ Բայց այս իշխանութիւնը ի գործ չդրինք, այլ ամէն ինչի համբերում ենք, որպէսզի Աւետարանին որեւէ արգելք չլինի։
13 Չգիտէ՞ք, թէ նրանք, որ տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են։ Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից էլ վայելում են։
14 Նոյնպէս եւ Տէրը Աւետարանը քարոզողներին հրամայեց, որ Աւետարանից էլ ապրեն։
15 Բայց ես սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի։ Լաւ է, որ ես աւելի շուտ մեռնեմ, քան մէկն իմ պարծանքը ընդունայն համարի.
16 որովհետեւ, եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած իմ վրայ։ Բայց վա՛յ է ինձ, եթէ չաւետարանեմ։
17 Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած։
18 Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս Աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը չարաշահած չլինեմ.
19 թէպէտեւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին։
20 Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին։
21 Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են։ Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ, ոչ թէ նրա համար, որ Աստծու օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողներին։
22 Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին։ Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց։
23 Այս բոլորն անում եմ Աւետարանի համար, որպէսզի մասնակից լինեմ նրան։
24 Չգիտէ՞ք, թէ նրանցից, որ ասպարէզում վազում են, - թէեւ բոլորն են վազում, - միայն մէկն է առնում յաղթութեան մրցանակը։ Այնպէ՛ս վազեցէք, որ հասնէք դրան։
25 Ով մրցում է, ամէն ինչում ժուժկալ է լինում. նրանք՝ որպէսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք՝ անկորնչելին։
26 Արդ, ես ճիշտ այսպէ՛ս եմ վազում, ոչ թէ աննպատակ. այնպէս չեմ կռփահարում, իբրեւ թէ քամի ծեծէի,
27 այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպէսզի գուցէ ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին։