1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 5

1 Ներկայումս լսում ենք, թէ պոռնկութիւն կայ ձեր մէջ, եւ այնպիսի պոռնկութիւն, որ հեթանոսների մէջ իսկ չկայ, որպէս թէ մէկն ապրի իր հօր կնոջ հետ։
2 Եւ դուք հպարտանում էք. աւելին. չէք էլ սգում, որպէսզի վերանար ձեր միջից նա, ով այդ արարքը կատարեց.
3 ես, թէպէտեւ մարմնով հեռու եմ, բայց հոգով՝ մօտ. իսկ ես, որպէս թէ մօտ լինէի, դատեցի նրան, որ այդպիսի բան գործեց, -
4 յանուն մեր Տէր Յիսուս Քրիստոսի, երբ դուք եւ իմ հոգին միասին կը հաւաքուէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեամբ հանդերձ, -
5 մատնեցէ՛ք այդպիսի մէկին Սատանային՝ նրա մարմնի կորստեան համար, որպէսզի նրա հոգին ապրի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրում։
6 Լաւ չեն ձեր այդ պարծանքները. չգիտէ՞ք, թէ մի փոքր թթխմոր ամբողջ զանգուածը խմորում է։
7 Մաքրեցէ՛ք, դէ՛ն նետեցէք հին խմորը, որպէսզի նոր զանգուած լինէք, առանց թթխմորի. քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթուեց։
8 Ուրեմն, տօն կատարենք ոչ թէ հին խմորով եւ չարութեան ու անզգամութեան խմորով, այլ՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով։
9 Գրեցի ձեզ այդ թղթի մէջ, որ չխառնակուէք պոռնիկների հետ.
10 եւ ոչ միայն այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ յափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թէ ոչ պարտաւոր պիտի լինէիք աշխարհից իսկ դուրս գալ։
11 Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք։
12 Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։
13 Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից։