1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 8

1 Իսկ այժմ, կուռքերին արուած զոհերի մասին։ Ոմանք ասում են՝ այդ մասին մենք անհրաժեշտը գիտենք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը՝ հաստատում։
2 Եթէ մէկը կարծում է, թէ բան գիտէ, դեռ չգիտէ իսկ ինչպէս պէտք է գիտենալ։
3 Բայց ով սիրում է Աստծուն, նա ճանաչուած է նրանից։
4 Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհ արուածները ուտելուն, գիտենք, որ այս աշխարհում կուռքերը ոչինչ են. որովհետեւ չկայ ուրիշ Աստուած, բացի միակ Աստծուց,
5 թէպէտեւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր։
6 Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով։
7 Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ։ Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած են ուտում, եւ որովհետեւ նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են։
8 Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ։
9 Բայց զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար։
10 Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու։
11 Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կը մատնուի քո գիտութեան պատճառով։
12 Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք։
13 Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեցնեմ։