ՆԱՒՈՒՄ. Chapter 2

1 Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով.
2 քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։
3 Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։
4 Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։
5 Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։
6 Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։
7 Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում։
8 Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի. նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին։
9 Չկար մէկը, որ հսկէր.յափշտակում էին արծաթը, յափշտակում էին ոսկին, եւ նրա զարդեղէնին չափ չկար։ Ծանրացան աւելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները։
10 Սրտի սոսկում, թօթափում եւ ձգտում, ծնկների թուլացում, ցաւ ամէն մէջքի վրայ, եւ բոլորի երեսները սեւացան պուտուկի նման։
11 Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը, ո՞ւր գնաց մտաւ առիւծը. չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին։
12 Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար, որս խեղդեց իր կորիւնների համար, իր բոյնը լցրեց որսով եւ իր որջը՝ յափշտակուած բաներով։
13 Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - ծխով կ՚այրեմ քո զօրքերը, սուրը կ՚ուտի քո առիւծներին, երկրից կը վերացնեմ քո որսը, եւ այլեւս չեն լսուի քո գործերը։