ՄԻՔԻԱ. Chapter 2

1 Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում եւ առաւօտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դէպի Աստուած։
2 Աչք էին տնկում հանդերին, յափշտակում որբերին, բռնագրաւում տները, յափշտակում էին մարդուն եւ նրա տունը, մարդուն եւ նրա ժառանգութիւնը։
3 Այդ պատճառով այսպէս է ասում Տէրը. Ահաւասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրայ, ուստի վեր մի՛ ցցէք ձեր վզերը եւ գլուխներդ բարձր մի՛ քայլէք, քանի որ վատ ժամանակ է։
4 Այն օրը ձեր մասին առակ կը յօրինեմ, ողբ կը հնչեցնեն, կ՚ողբան եւ կ՚ասեն. Ամբողջութեամբ թշուառացանք, իմ ժողովրդի բաժին հողը լարով չափուեց, եւ մէկը չկար, որ արգելէր այդպէս անել, մեր հանդերը բաժանուեցին։
5 Դրա համար չի գտնուի մէկը, որ վիճակով լարաբաժին գցի ժողովում։
6 Լաց մի՛ եղէք արցունքներով, եւ թող լաց չլինեն նրա վրայ, քանի որ նա չի մերժի նախատինքները։
7 Նա ասաց, թէ Իսրայէլի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթէ սա լինի նրա ընթացքը, լաւ չեն լինի Տիրոջ խօսքերը նրա հետ. իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ։
8 Թշնամութեամբ հակառակ կանգնեց իր խաղաղութեանը։ Նրան մորթազերծ կ՚անեն՝ բառնալու յոյսը եւ վերացնելու պատերազմի կսկիծը։
9 Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կ՚ընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժուեցին։ Մօտենանք յաւիտենական լեռներին։
10 Ոտքի՛ կանգնիր եւ գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծութեան պատճառով սաստիկ ապականուեցիք, հալածուեցիք առանց որեւէ մէկի հալածանքի։
11 Սա սուտ դուրս եկաւ, քո մէջ գինի եւ արբեցութիւն կաթեց, եւ այդ կաթումից բաժին կ՚ընկնի նաեւ այս ժողովրդին։
12 Կը հաւաքուի Յակոբը բոլորով հանդերձ, ամբողջովին կ՚ընդունի Իսրայէլի մնացորդներին. ես նրանց միասին կը վերադարձնեմ ինչպէս նեղութեան մէջ գտնուող ոչխարներ, ինչպէս հօտերը իրենց մակաղատեղի մէջտեղում։ Նրանք մարդկանց կողմից դէպի խրամատները կ՚առաջնորդուեն,
13 քանի որ նրանց աչքի առաջ խրամատ բացեցին, նրանք անցան դռնով եւ դուրս ելան դրա միջից։ Թագաւորը նրանց առաջ ացաւ, եւ Տէրը կ՚առաջնորդի նրանց։