ՄԻՔԻԱ. Chapter 3

1 Նա կ՚ասի. Լսեցէ՛ք, Յակոբի՛ տան իշխան եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ։
2 Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրաւունքը, դուք, որ ատում էք բարին եւ չարիք էք որոնում, մորթազերծ էք անում նրանց եւ պոկում էք նրանց մարմիններն իրենց ոսկորներից։
3 Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպէս կտրատում են կաթսայում եփելու համար, եւ նրանց միսն այնպէս, ինչպէս պտուկի մէջ եփելու համար։
4 Այդպէս էլ կ՚աղաղակեն Տիրոջը, եւ նա չի լսի նրանց, երես կը դարձնի նրանցից այդ ժամանակ, քանի որ նրանք իրենց արարքով չարիք գործեցին։
5 Այսպէս ասաց Տէրը մարգարէների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով եւ խաղաղութիւն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրուեց նրանց բերանը, եւ նրա դէմ պատերազմ յարուցեցին։
6 Այդ պատճառով ձեր տեսիլքը խաւար գիշեր պիտի դառնայ, ձեր իղձը պիտի նսեմանայ, արեգակը մայր պիտի մտնի մարգարէների վրայ, եւ ցերեկը պիտի խաւարի նրանց վրայ։
7 Պիտի ամաչեն երազատեսները, ծաղրուեն գուշակները, եւ բոլորը պիտի բամբասեն նրանց, քանի որ ոչ ոք չի լսելու նրանց։
8 Բայց ես լցուեցի Տիրոջ Հոգու զօրութեամբ, արդարամտութեամբ եւ զօրութեամբ՝ պատմելու Յակոբին իր ամբարշտութիւնը եւ Իսրայէլին՝ իր մեղքերը։
9 Լսեցէ՛ք սա, Յակոբի՛ տան առաջնորդներ եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ, որ անարգում էք իրաւունքը եւ շեղում էք բոլոր ուղիղ ընթացողներին,
10 որ Սիոնը կառուցում էք արեան վրայ եւ Երուսաղէմը՝ անիրաւութեան։
11 Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարէները արծաթով էին գուշակութիւններ անում եւ Տիրոջն էին ապաւինում ու ասում. Արդարեւ, Տէրը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրայ չարիք չի գայ։
12 Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկուի արօրով, Երուսաղէմը պիտի դառնայ ինչպէս մրգապահների տաղաւար, եւ Տիրոջ տաճարի լեռը՝ մայրիների անտառ։