ՄԻՔԻԱ. Chapter 7

1 Վա՛յ ինձ, որովհետեւ նմանուեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հաւաքողի եւ այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկոյզ չկար առաջին բերքից, որից ուտում էի։
2 Վա՛յ ինձ, որովհետեւ երկիւղածութիւնը վերացաւ երկրից, եւ մարդկանց մէջ չկայ մէկը, որ ուղիղ լինի. բոլորը արեամբ են դատում, իւրաքանչիւրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, եւ իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։
3 Իշխանը նուէր է խնդրում, իսկ դատաւորը խաղաղութեան խօսքեր է ասում իրեն պէտք եղած ձեւով։
4 Ես կը հանեմ նրանց միջից այն բարութիւնը, որը ցեցի նման ուտում եւ պտտւում է կանոնի վրայ դատաքննութեան օրը։ Վա՛յ, վա՛յ, եկաւ հասաւ քո վրէժխնդրութիւնը. արդ, թող լաց լինեն նրանք։
5 Մի՛ հաւատացէք սիրելիներին, մի՛ ապաւինէք իշխաններին, զգո՛յշ եղիր քո անկողնակցից, որ որեւէ բան չպատմես նրան,
6 որովհետեւ որդին անարգում է հօրը, եւ դուստրը կը կանգնի իր մօր դէմ, հարսը՝ իր ընկերոջ դէմ, եւ մարդու թշնամին իր իսկ ընտանիքը կը լինի։
7 Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ։
8 Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը։
9 Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը։
10 Ինձ կը տեսնի իմ թշնամին, եւ ամօթը կը պատի նրան, որ ասում էր ինձ. Ո՞ւր է քո Տէր Աստուածը։ Իմ աչքերը կը տեսնեն նրան։ Արդ, նա ոտքի կոխան կը դառնայ, ինչպէս ճանապարհի կաւը։
11 Աղիւսի ծեփի օր եւ քո ջնջման օր կը լինի այն օրը. այդ օրը կը մերժի քո իրաւունքները։
12 Քո քաղաքները կ՚ենթարկուեն ասորեստանցիների պաշարման եւ աւարին։ Քո ամուր քաղաքները կը բաժանուեն Տիւրոսից մինչեւ գետը, ծովից ծով եւ լեռից լեռ։
13 Եւ երկիրը ապականուի իր բնակիչներով հանդերձ՝ իր գործերի պտուղի պատճառով։
14 Արածացրո՛ւ քո ժողովրդին քո ցեղերի գաւազանով, նաեւ քո ժառանգութեան ոչխարի հօտերը, որոնք առանձին բնակւում են Կարմէլի անտառում, թող նրանք արածեն Բասանում եւ Գաղաադում մշտապէս։
15 Եւ ինչպէս Եգիպտացիների երկրից քո ելքի օրերին, ես հրաշքներ ցոյց պիտի տամ նրանց։
16 Պիտի տեսնեն հեթանոսներն ու պիտի ամաչեն իրենց ամբողջ զօրութիւնից, ձեռքները պիտի դնեն իրենց բերանների վրայ, եւ նրանց ականջները պիտի խլանան։
17 Նրանք պիտի լիզեն հողը ինչպէս օձերը, որ սողում են երկրի վրայ։ Պիտի խռովուեն իրենց պաշարման մէջ, մեր Տէր Աստծուց պիտի սարսափեն եւ պիտի վախենան քեզնից։
18 Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում։
19 Նա պիտի դառնայ ու գթայ մեզ, պիտի թաղի մեր մեղքերը եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրէնութիւնները։
20 Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին, ողորմածութիւն՝ Աբրահամին, ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր։