ՄԻՔԻԱ. Chapter 4

1 Գալիք օրերում յայտնի կը դառնայ Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատուած լեռների գագաթների վրայ, կը բարձրանայ բլուրների վրայ, եւ շատ ժողովուրդներ կը շտապեն դէպի նա։
2 Եւ շատ ազգեր կը գնան եւ կ՚ասեն. Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծու տունը. մեզ ցոյց կը տան նրա ճանապարհը, եւ մենք կը գնանք նրա շաւիղով։ Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։
3 Նա դատ կ՚անի բազում ժողովուրդների մէջ եւ կը յանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ կը ձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, եւ այլեւս մի ազգ միւսի վրայ սուր չի բարձրացնի, եւ մարդիկ այլեւս չեն սովորի պատերազմել։
4 Իւրաքանչիւրը կը հանգստանայ իր որթատունկի եւ իր թզենու տակ, եւ չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խօսեց այս բանը։
5 Թող բոլոր ժողովուրդներից իւրաքանչիւրն իր ճանապարհով գնայ, սակայն մենք կը գնանք մեր Տէր Աստծու անուամբ մշտապէս։
6 Այն օրը, - ասում է Տէրը, - կը հաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կ՚ընդունեմ նաեւ մերժուածներին,
7 բեկուածին զօրեղ կը դարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ, եւ Տէրը Սիոն լերան վրայ կը թագաւորի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
8 Եւ դու՝ ոչխարների հօտի՛ աշտարակ, Սիոնի անշքացա՛ծ դուստր, դէպի քեզ կը գայ ու կը մտնի Երուսաղէմի դստեր՝ Բաբելոնի թագաւորութեան նախկին իշխանութիւնը։
9 Իսկ արդ, ինչո՞ւ չար գործեցիր, միթէ դու թագաւոր չունէի՞ր, կամ կո՞րաւ քո խորհրդատուն, քանի որ սաստկացաւ քո երկունքը ծննդկանի պէս։
10 Սիոնի՛ դուստր, երկունքի մէջ ընկի՛ր, զօրացի՛ր եւ մօտեցի՛ր ինչպէս ծննդկան, որովհետեւ հիմա դուրս պիտի գաս քաղաքից, քեզ պիտի բնակեցնեմ դաշտում, դու պիտի հասնես մինչեւ Բաբելոն. եւ քո Տէր Աստուածը այնտեղ կը փրկի քեզ, այնտեղ կ՚ազատի քեզ քո թշնամիների ձեռքից։
11 Ահա հաւաքուեցին քեզ վրայ բազում ժողուվուրդներ, որոնք ասում էին. Եկէ՛ք ոտնահարենք նրան, եւ մեր աչքերը թող տեսնեն Սիոնի անկումը։
12 Նրանք չիմացան Տիրոջ խորհուրդը, եւ նկատի չառան նրա կամքը, քանի որ Նա հաւաքեց նրանց ինչպէս հասկը կալում։
13 Կանգնի՛ր եւ կալսի՛ր նրանց, դո՛ւստր Սիոնի, որովհետեւ քո եղջիւրները երկաթ կը դարձնեմ, քո կճղակները՝ պղինձ, եւ դու կը մանրես բազում ժողովուրդներ, դրանցով ազգեր կը փշրես, նրանց բազմութիւնը կ՚ընծայես Տիրոջը եւ նրանց զօրութիւնը՝ ամբողջ աշխարհի Տիրոջը։