ՄԻՔԻԱ. Chapter 5

1 Արդ, դուստրը պիտի ցանկապատուի, քանի որ նեղութիւն բերեց ձեզ վրայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի ազգի ծնօտներին։
2 Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է։
3 Այդ պատճառով Տէրը նրանց կը թողնի մինչեւ ծննդկանի ժամանակը. նա կը ծնի, եւ նրա մնացած եղբայրները կը վերադառնան իսրայէլացիների մօտ։
4 Նա կը կանգնի, կը տեսնի եւ կը հովուի իր հօտը Տիրոջ զօրութեամբ, եւ նրանք կը հաստատուեն իրենց Տէր Աստծու անուան փառքի մէջ, քանի որ այժմուանից նրա հզօրութիւնը պիտի տարածուի մինչեւ երկրի ծագերը։
5 Եւ խաղաղութիւն կը լինի նրանով։ Երբ ասորեստանցիները գան ձեր երկիրը, եւ երբ նրանք հասնեն ձեր աշխարհը, Տէրը կը բարձրացնի նրանց դէմ եօթը հովիւ եւ ութ ղեկավար մարդիկ։
6 Նրանք կը հովուեն Ասորեստանը սրով եւ Նեբրոթի երկիրը, իր պարիսպների մէջ. նա կը փրկի քեզ Ասորեստանից, երբ գայ ձեր երկիրը եւ երբ յարձակուի ձեր սահմանների վրայ։
7 Յակոբի սերնդի մնացորդացը հեթանոս բազում ազգերի մէջ կը լինի ինչպէս Տիրոջից եկած ցօղ եւ ինչպէս գառները խոտի վրայ, որպէսզի չհաւաքուի առանձին-առանձին եւ չմնայ մարդկանց որդիների մէջ։
8 Յակոբի մնացորդները կը լինեն բազում ազգերի մէջ, ինչպէս առիւծը կենդանիների մէջ՝ անտառում, եւ ինչպէս առիւծի կորիւնը ոչխարների հօտի մէջ, որը եթէ անցնի, կը զատի եւ կը յափշտակի, եւ ոչ ոք չի լինի, որ յետ պահի նրան։
9 Քո ձեռքը թող բարձրանայ քեզ նեղողների վրայ, եւ քո բոլոր թշնամիները թող սատակեն։
10 Այդ օրը, - ասում է Տէրը, - կը սատկեցնեմ քո ձիերը քո միջից եւ կորստի կը մատնեմ քո կառքերը.
11 կը կործանեմ քո երկրի քաղաքները, կը վերացնեմ քո բոլոր ամրոցները, կը խլեմ քո բոլոր կախարդութիւնները քո ձեռքից, եւ այլեւս գուշակներ չեն լինի քո մէջ։
12 Կը ջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, եւ այլեւս չես երկրպագի քո ձեռակերտներին։
13 Կը կոտորեմ անտառները քո միջից եւ կ՚ապականեմ քո քաղաքները։
14 Բարկութեամբ ու ջղայնութեամբ վրէժ կը լուծեմ ազգերից, քանի որ նրանք չլսեցին ինձ։