ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ. Chapter 8

1 Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին։ Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց.
2 Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն։
3 Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել։
4 Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում։
5 Եւ նա հարցրեց նրանց. Քանի՞ նկանակ հաց ունէք։ Եւ նրանք ասացին՝ եօթը։
6 Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին։
7 Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել։
8 Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին։
9 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց։
10 Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը։
11 Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։
12 Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի։
13 Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը։
14 Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ։
15 Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից։
16 Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք։
17 Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել։
18 Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում.
19 երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք։ Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու։
20 Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք։ Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը։
21 Եւ նա նրանց ասաց. Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում։
22 Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան։
23 Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է։
24 Նա բացեց աչքերը եւ ասաց. Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր։
25 Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր։
26 Նրան իր տունն արձակեց եւ ասաց. Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես։
27 Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես։
28 Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը։
29 Նրանց ասաց. Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես։ Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. Դու Քրիստոսն ես։
30 Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն։
31 Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի։
32 Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց յանդիմանել նրան։
33 Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը։
34 Եւ նա իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
35 որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն։
36 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի.
37 որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն։
38 Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների։
39 Եւ նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած։