ՄԱՂԱՔԻԱ. Chapter 11

1 Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան,թող կրակը լափի քո մայրիները։
2 Թող ողբան նոճիները,քանզի մայրիները տապալուեցին,եւ մեծապէս թշուառացան մեծամեծ ծառերը։Ողբացէ՛ք, ո՛վ Բասանի կաղնիներ,քանզի քանդուեց ծառախիտ անտառը։
3 Ահա հովիւների ողբալու ձայնը.նսեմացել է նրանց մեծութիւնը։Ահա առիւծների մռնչալու ձայնը.ամայացել է Յորդանան գետի վեհութիւնը։
4 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.Արածացրո՛ւ քո հօտերը, որ մորթոտուելու համար են. նրանց գնողները կոտորում էին նրանց, վաճառում էին նրանց եւ ասում. Թող օրհնեալ լինի Տէրը. մենք հարստացանք։ Իսկ նրանց հովիւները բնաւ չէին ցաւում ոչխարների համար։
5 Դրա համար էլ ես այլեւս չեմ խնայելու այդ երկրի բնակիչներին, - ասում է Տէրը. - ահա ես մատնելու եմ մարդկանց իւրաքանչիւրին իր ընկերոջ ձեռքը, նաեւ իր թագաւորի ձեռքը, նրանք պիտի զարկեն իրար, իսկ ես ոչ մէկին չեմ փրկելու նրանց ձեռքից։
6 Քանանացիների երկրում ես հովուութիւն պիտի անեմ այն հօտին, որ մորթոտուելու համար է, ինձ համար երկու գաւազան պիտի վերցնեմ, մէկը պիտի կոչեմ՝ Գեղեցկութիւն, իսկ երկրորդը՝ Վիճակ, եւ պիտի արածացնեմ հօտերը։
7 Մէկ ամսում ես վերացրի երեք հովիւներին, որովհետեւ իմ հոգին զզուել էր նրանցից, նրանց հոգիներն էլ զզուել էին ինձանից։
8 Ես, ահա, ասում եմ. Ձեզ չեմ հովուելու. ով մեռնելու է՝ թող մեռնի, ով սատկելու է՝ թող սատկի։ Մնացածներից ամէն մէկն էլ թող ուտի իր ընկերոջ մարմինը։
9 Ես պիտի վերցնեմ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, պիտի նետեմ ցած՝ խզելու համար այն ուխտը, որ դրել եմ բոլոր ժողովուրդների հետ։
10 Այդ ուխտը պիտի խզուի այն օրը, եւ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հօտերը, քանզի սա Տիրոջ խօսքն է։
11 Ես նրանց ասացի. Եթէ ձեր աչքին հաճելի է թւում, ապա տուէ՛ք իմ վարձը, իսկ եթէ՝ ոչ, ասացէ՛ք։ Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ։
12 Տէրն ինձ ասաց. Դու բովի մէջ գցիր դա, քննի՛ր, թէ այն փորձուա՞ծ է արդեօք այնպէս, ինչպէս ես, որ փորձուեցի նրանց կողմից իրենց համար։ Ես վերցրի երեսուն արծաթը եւ Տիրոջ Տանը գցեցի բովի մէջ։
13 Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ։
14 Տէրը դարձեալ ինձ ասաց. Դու հովուութիւն անելու համար վերցրո՛ւ մի տգէտ հովուի գործիքներ,
15 որովհետեւ ահա ես մի տգէտ հովիւ եմ դնելու այս երկրի վրայ։ Նա չի հոգալու նիհար ոչխարների համար, ցրուածին չի փնտռելու, վիրաւորուածին չի բուժելու, առողջին չի խնամելու, այլ ուտելու է ընտիր ոչխարների միսը եւ փշրելու նրանց ոտքերի ոսկորները։
16 Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիւ, որ աչքաթող ես անում քո հօտը։Թող սուրը կտրի նրա բազուկը,թող հանի նրա աջ աչքը։Թող անպատճառ չորանայ նրա բազուկը, թող անպայման կուրանայ նրա աջ աչքը։