ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ. Chapter 17

1 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։
2 Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր։
3 Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար։
4 Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան։
5 Եւ եթէ եօթն անգամ մեղանչի քո դէմ եւ եօթն անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան։
6 Եւ առաքեալները Տիրոջն ասացին. Աւելացրո՛ւ մեր հաւատը։
7 Եւ Տէրն ասաց. Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ, նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ։
8 Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ Անցի՛ր սեղան նստիր.
9 այլ նրան չի՞ ասի՝ Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու։
10 Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։
11 Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք։
12 Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով։
13 Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին,
14 բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ։
15 Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք։ Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին։
16 Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն.
17 երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր։
18 Յիսուս պատասխանեց եւ ասաց. Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են,
19 որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց։
20 Եւ ասաց նրան. Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց։
21 Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս,
22 եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է։
23 Իսկ իր աշակերտներին ասաց. Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի։
24 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, մի՛ շտապէք գնալու,
25 որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում։
26 Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից։
27 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով։
28 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց։
29 Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։
30 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց։
31 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու։
32 Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ։
33 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը։
34 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։
35 Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։
36 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։
37 Պատասխան տուին եւ ասացին նրան. Որտե՞ղ, Տէ՛ր։
38 Եւ նա ասաց նրանց. Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքուեն արծիւները։