ՅՈՎՆԱՆ. Chapter 1

1 Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց.
2 Ելի՛ր եւ գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ։
3 Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս։ Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու։
4 Տէրը հողմ բարձրացրեց ծովում։ Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր։
5 Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն։ Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից։ Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում։
6 Նաւապետը մօտեցաւ նրան եւ ասաց. Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք։
7 Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. Եկէ՛ք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ։ Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին։
8 Ասացին նրան. Պատմի՛ր մեզ, թէ ի՞նչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից։
9 Ասաց նրանց. Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տէր Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը։
10 Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. Այդ ի՞նչ ես արել (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց)։
11 Ասացին նրան. Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ)։
12 Յովնանն ասաց նրանց. Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կը խաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել։
13 Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ։
14 Աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. Ների՛ր, Տէ՛ր, մեզ կորստի մի՛ մատնիր այս մարդու պատճառով եւ անմեղ արիւն մի՛ բեր մեզ վրայ, քանի որ դո՛ւ, Տէ՛ր, արեցիր, ինչպէս որ կամեցար։
15 Եւ Յովնանին առան ու ծովը գցեցին։ Ծովը դադարեց իր ալեկոծութիւնից։
16 Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան։