ՅՈՎԵԼ. Chapter 1

1 Տիրոջ պատգամը, որ հասաւ Բաթուէլի որդի Յովէլին Եզեկիայի ժամանակ։
2 Լսեցէ՛ք սա, ծերունինե՛ր, ակա՛նջ դրէք, երկրի բոլո՛ր բնակիչներ. եղե՞լ է արդեօք այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր հայրերի ժամանակ։
3 Պատմեցէ՛ք սա ձեր որդիներին, ձեր որդիները՝ իրենց որդիներին, եւ նրանց որդիները՝ յաջորդ սերնդին։
4 Թրթուրից մնացածները մորեխը կերաւ, մորեխից մնացածները կերաւ ջորեակը, եւ ջորեակից մնացածները կերաւ բուսակեր ճիճուն։
5 Սթափուեցէ՛ք գինուց հարբածնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք բոլորդ, որ մինչեւ հարբելը գինի էք խմում, որովհետեւ չքացաւ ձեր բերանից ուրախութիւնն ու խնդութիւնը,
6 քանի որ մի ազգ յարձակուեց իմ երկրի վրայ՝ հզօր եւ անթիւ. նրա ատամները առիւծի ատամներ են, նրա ժանիքները՝ առիւծի կորիւնի ժանիքներ։
7 Նա ապականեց իմ որթատունկը եւ իմ թզենիները խորտակեց, ցնցելով ցնցեց, գցեց այն եւ կեղեւից մերկացրեց նրա ճիւղերը։
8 Ողբա՛ ինձ, ինչպէս քուրձ հագած հարսը՝ իր ամուսնու վրայ։
9 Վերացան զոհերն ու զենումը Տիրոջ տնից, սգացէ՛ք քահանանե՛ր՝ խորանի պաշտօնեանե՛ր,
10 քանի որ չորացան դաշտերը։ Թող սգայ երկիրը, որովհետեւ չորացաւ ցորենը, ցամաքեց գինին, նուազեց ձէթը։
11 Ողբացէ՛ք, մշակնե՛ր, ձեր ունեցուածքի՝ ցորենի եւ գարու վրայ, որովհետեւ վերացաւ այգեկութը ագարակից, ցամաքեց որթատունկը,
12 նուազեցին թուզը, նուռը, արմաւը եւ խնձորը, եւ ագարակի ամէն ծառ գօսացաւ, քանի որ ուրախութիւնը ամօթ համարեցին։
13 Մարդո՛ւ որդիներ, քուրձե՛ր հագէք, ողբացէ՛ք քահանանե՛ր, սգացէ՛ք, խորանի՛ պաշտօնեաներ, մտէ՛ք, ննջեցէ՛ք, քուրձ հագած Աստծո՛ւ պաշտօնեաներ, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհերն ու զենումը։
14 Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով։
15 Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը.թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի։
16 Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը։
17 Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ։
18 Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին։
19 Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ,
20 վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը։