ԵՐԵՄԻԱ. Chapter 22

1 Այսպէս է ասում Տէրը. Գնա իջի՛ր Յուդայի երկրի թագաւորի տունը եւ այս խօսքը յայտնի՛ր այնտեղ՝ ասելով.
2 Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագաւորդ Յուդայի երկրի, որ բազմում ես Դաւթի աթոռին, դո՛ւ, նաեւ քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով։
3 Այսպէս է ասում Տէրը. Իրաւունք ու արդարութի՛ւն արէք, կողոպտուածին փրկեցէ՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատէք եւ ամբարիշտ մի՛ լինէք, այդտեղ անմեղ արիւն մի՛ թափէք։
4 Եթէ այս բանը կատարէք, ապա այդ տան դռներով ներս կը մտնեն թագաւորներ, որոնք կը բազմեն Դաւթի աթոռին եւ կը նստեն կառքեր ու կը հեծնեն երիվարներ, թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։
5 Իսկ եթէ չկատարէք այս բաները, ապա ինքս ինձ երդւում եմ, - ասում է Տէրը, - որ աւերակ պիտի դառնայ այդ տունը։
6 Ահա այսպէս է ասում Տէրը Յուդայի երկրի թագաւորի քո տան մասին. Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի բարձունքը, բայց քեզ աւերակի ու անբնակ քաղաքների պիտի վերածեմ։
7 Քո դէմ կը հանեմ աւերողներ՝ իւրաքանչիւրին իր տապարով, որոնք կը կոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները եւ կը նետեն կրակի մէջ։
8 Բազում ազգեր կ՚անցնեն այդ քաղաքի միջով, եւ իւրաքանչիւրն իր ընկերոջը կ՚ասի. Այդ մեծ քաղաքի հետ Տէրն ինչո՞ւ այդպէս վարուեց։
9 Ու կը պատասխանեն. Որովհետեւ թողեցին իրենց Աստծու ուխտը, երկրպագեցին օտար աստուածներին ու ծառայեցին նրանց։
10 Լաց մի՛ լինէք մեռածի վրայ, մի՛ ողբացէք նրան, այլ լացելով լացէք նրա՛ վրայ, ով կը հեռանայ եւ այլեւս չի դառնայ ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։
11 Այսպէս է ասում Տէրը Յոսիայի որդի Յովակիմի մասին, որը թագաւորեց՝ յաջորդելով իր հայր Յոսիային եւ որը այդտեղից դուրս էր եկել. Նա այլեւս չի վերադառնայ,
12 կը մեռնի այնտեղ, որտեղ գերեցին նրան, այլեւս այս երկիրը չի տեսնի։
13 Վա՜յ նրան, ով կը կառուցի իր տունը, բայց ոչ արդարութեամբ, եւ իր վերնայարկերը, բայց անիրաւ կերպով։ Նրա մերձաւորը նրա համար ձրի գործ կ՚անի, բայց նրա վարձը նա չի հատուցի նրան։
14 Քեզ համար յարմարաւէտ տուն շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով եւ ծեփելով ձիւթով։
15 Եթէ դու մայրի փայտից կերտուած քո հօր այս տան մէջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագաւորելո՞ւ ես։ Թող ո՛չ ուտեն եւ ո՛չ խմեն, որովհետեւ իրաւունքը, արդարութիւնն ու բարութիւնը չճանաչեցին,
16 տնանկի իրաւունքը չպահեցին եւ աղքատին չարդարացրին։ Իսկ դա հէնց ինձ չճանաչել չի՞ նշանակում, - ասում է Տէրը։
17 Ահաւասիկ քո աչքերը եւ քո սիրտը հակուած են ոչ թէ դէպի բարութիւն, այլ՝ դէպի ագահութիւն, դէպի անպարտ արիւնահեղութիւն,դէպի անիրաւութիւն ու սպանութիւն։
18 Դրա համար էլ Տէրը Յուդայի երկրի թագաւոր Յոսիայի որդի Յովակիմի մասին այսպէս է ասում. Թող այդ մարդու վրայ չողբան եւ չասեն՝ վա՜յ, վա՜յ եղբայր, թող չկոծեն ու չասեն՝ վա՜յ, վա՜յ տէր, վա՜յ, վա՜յ սիրելի։
19 Թող նա էշի թաղումով թաղուի, թող նեխուի ու գցուի Երուսաղէմի դարպասից այն կողմ։
20 Ե՛լ դէպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դէպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետեւ քո բոլոր հոմանիները միասին խորտակուեցին։
21 Խօսեցի քեզ հետ, երբ դու սխալուեցիրեւ ասացիր, թէ՝ քեզ չեմ լսի։ Քո մանկութիւնից սկսած դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին։
22 Քո բոլոր հովիւներին քամիները պիտի քշեն, ու քո բոլոր հոմանիները գերութեան պիտի գնան, որպէսզի այն ժամանակ ամաչես եւ անարգուես քո բոլոր սիրելիներից։
23 Ո՛վ դու, որ Լիբանանում ես բնակւում եւ ամրացել ես մայրիների մէջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցաւերն ու երկունքը, ինչպէս ծննդկան կնոջը։
24 Կենդանի եմ ես, - ասում է Տէրը։ - Եթէ դու, Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիա՛, իմ աջ ձեռքին կնիք էլ դառնալու լինես, այդտեղից էլ կը կորզեմ քեզ,
25 կը մատնեմ քեզ քո անձը փնտռողների ձեռքը, նրա՛նց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքը եւ քաղդէացիների ձեռքը.
26 քեզ ու քո մօրը կը նետեմ օտար երկիր, ուր դու չես եղել, եւ դուք կը մեռնէք այնտեղ։
27 Նրանք չեն վերադառնայ այն երկիրը, ուր իրենք հոգով ուխտած կը լինեն վերադառնալ,
28 քանզի ինքն ու իր զաւակը ընկան օտար երկիր, արհամարհուած բերանը տարագիր դարձաւ, շպրտուելով անարգուեց Յեքոնիա ասուած մարդը ինչպէս անպէտք աման, շպրտուեց մի երկիր, որը չէր ճանաչում։
29 Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները։
30 Այսպէս է ասում Տէրը. Այդ մարդուն համարիր տարագիր այր, թող նա իր տարիներին սերունդ չտայ, թող նրա զաւակից տղամարդ չաճի, որ նստի Դաւթի աթոռին՝ իբրեւ Յուդայի երկրի տան իշխան։